Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Արցախի Արտեմ Միկոյանը նարդին խփել է Անաստաս Միկոյանի գլխին. Ամատունի Վիրաբյան

Հուլիս 05,2023 20:02

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրականագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց, որ Խորհրդային Միությունում, 1966 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարներ Անտոն Քոչինյանն ու Գրիգոր Արզումանյանը բարձրացրել են Արցախը Հայաստանին տալու հարցը եւ Բրեժնեւը պատրաստ էր, դեմ է եղել մեր հայրենակից Անաստաս Միկոյանն ու Արցախը մնացել է Ադրբեջանին: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ականատեսները պատմել են, որ երբ Անաստաս Միկոյանը եղբոր՝ Արտեմ Միկոյանի հետ նարդի խաղալիս պատմել է, որ դեմ է եղել Արցախը խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու որոշմանը «Արտեմը նարդին խփել է Անաստասի գլխին»:

Պահպահվել է Անաստաս Միկոյանիր նամակը Լենինին, որում Միկոյանը պնդում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. «Այսօր էլ կան մարդիկ, որ համոզված են, որ Արցախը Ադրբեջան է»: Խորհրդային միությունում չէին ուզում Արցախը տալ Հայաստանին, քանի որ նման տասնյակ հարցեր կառաջանան խորհրդային այլ հանրապետություններում: Ամատունի Վիրաբյանը բազմաթիվ օրինակներ բերեց, ըստ որոնց Խորհրդային Միությունում հարեւան հանրապետություններից գյուղեր, արոտավայրեր իրար փոխանցելը սովորական էր, նման վերջին փոփոխությունը 1975 թվականին է եղել, դրա համար էլ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը հստակեցվի հենց 1975 թվականի քարտեզներով:

Դրանից առաջ տպագրված քարտեզներում՝ օրինակ 1921-1923 թվականի, Ադրբեջանը Հայաստանում անկլավներ չունի, սակայն նույն տարիներին՝ 1922 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի փաստաթղթերում չկան այն բնակավայրերը՝ Քյարքի, Սոֆլու, Ասկիփարա, Բարխուդարլու, որոնք 1936-ին տրվել են Ադրբեջանին, այսինքն 1921 թվականին արդեն տրված են եղել Ադրբեջանին: Չորս տարի անց՝ 1926 թվականին Խորհրդային միությունում անցկացված մարդահամարի փաստաթղթերում նշված է Հայաստանին պատկանող Քյարքի համայնք: 1929 թվականի քարտեզ կա, որտեղ Արծվաշենը անկլավ չի, Արծվաշեն տանող ճանապարհն էլ է հայկական:

1919 թվականի որոշում կա, համաձայն որի Արցախը միայն ժամանակավորապես է մտնում Ադրբեջանի կազմ: Նման հակասություններ շատ կան: Նաեւ այլ խնդիր կա: 1921-1923 թվականներին Խորհրդային զինված ուժերի շտաբը քարտեզներ է կազմել եւ բոլոր հանրապետություններից պահանջել հարեւան հանրապետությունների հետ սահմանների մասին հստակ տեղեկություններ: Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջեւ սահմանների վերաբերյալ պայմանագիր կա, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ չկա ու պարզ չի, ինչպես են որոշվել սահմանները:

Այսքան հակասությունը սակայն բան չի փոխում մեկ հարցում. Արցախը Ադրբեջանի կազմից դուրս է եկել Խորհրդային օրենքների համաձայն, նկատեց Ամատունի Վիրաբյանը: Ըստ նրա, սակայն, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն արագ չի կնքվի՝ մեծ տերությունների շահեր են բախվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31