Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գալեչյան. Ադրբեջանի Սահմանադրությունը իրավունք չի տալիս խոսել անկլավների մասին

Հուլիս 05,2023 19:33

1926 թվականին հրատարակվել է խորհրդային առաջին հանրագիտարանը, որտեղ ներկայաված են Հայաստանի սահմանները, Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը տրված էր Ադրբեջանին, բայց պաշտոնական քարտեզներում երեւում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը սահմանակից են, սահմանը Հակարի գետն է, անկլավներ չկան, դրանք հետո են Ադրբեջանին տրվել՝ 1936 թվականին՝ Արծվաշենի շրջանը եւ այլն: 1926 թվականի քարտեզներով Հայաստանի տարածքը 31 հազար քկմ է, այսօր  «Հայացք» ակումբում հայտարարեց եւ իր նշած քարտեզը ցուցադրեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը:

Ըստ նրա, 1930-1940-ականներին հրապարակված քարտեզներում արդեն անկլավներ կան, բայց՝ միայն քարտեզներում: Փաստաթղթեր չկան, հայտնի չէ ինչ պատճառներով են դրանք տրվել Ադրբեջանին: Կարծիքներ են հնչում, թե այնտեղ 200 տարի ապրել են ադրբեջանցիներ, դրա համար էն տրվել: Գալեչյանը հակադարձում է՝ դա սուտ է. «նախ 200 տարի առաջ Ադրբեջանը չկար, այնտեղ գուցե թուրքեր են ապրել եւ եթե այդպես ենք բաժանում անում, Արցախում 2000 տարի ապրում են հայեր, ուրեմն ամբողջ Արցախը պիտի հայկական լիներ»:

Հայաստանում ադրբեջանական եւ Ադրբեջանում հայկական անկլավների դիրքերի համեմատությունը մեր օգտին չէ. ադրբեջանական անկլավներից գոնե երկուսը նստած են մեր մայրուղիների վրա, մեկ անկլավ Արծվաշենը նման ռազմավարական նշանակություն չունի:

Առանց փաստաթղթերի անկլավների «ծնունդը» բերել է նրան, որ Հայաստանի տարածքը 31 հազար քկմ-ից դարձել է 29 800 քկմ: Հենց այս թիվն է նշում Հայաստանի վարչապետը: Սրան զուգահեռ Ադրբեջանը զավթել է այս 29 800-ի մի մասը եւ չի խոսում հետ քաշվելու մասին: Մինչդեռ. «Ադրբեջանի Սահմանադրության 2-րդ հոդվածում ասվում է, որ ներկայիս Ադրբեջանը ժառանգն է 1918-20 մուսաֆաթական Ադրբեջանի եւ խորհրդային Ադրբեջանը չի ճանաչում: Մուսաֆաթական Ադրբեջանը Հայաստանում անկլավ չուներ, անկլավները հայտնվել են 1936 թվականից: Իրենց Սահմանադրությունը իրավունք չի տալիս խոսել անկլավների մասին: Իրենք խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում, ինչ ինչո՞ւ են հողերը պահում: Ժամանակին Կարմիր Քուրդիստան ստեղծելու նպատակով Հայաստանից որոշ արոտավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, բայց ծրագիրը չեղարկվեց, հողերը չվերադարձրեցին, ինչո՞ւ: Եթե Ալիեւը իր գյուղերն են ուզում մենք էլ պետք է մեր տարածքներն ուզենք»:

Ռուսաստանը միշտ նախընտրում է մահմեդականին, այնտեղից ավելի շատ շահ ունի: Առաջնորդվենք 1926 թվականի շտաբի քարտեզներով:

Ռուբեն Գալեչյանը հիշեցնում է Հայաստանի առաջին հանրապետությունը հարեւանների հետ քարտեզագծում չի կատարել, հարեւանների հետ խնդիրները բարդ էին, պատերազմ էր, ժամանակ եւ հնարավորություն չկար, կային ցարական Ռուսաստանի քարտեզները, խորհրդային Հայաստանում քարտեզագրությամբ լուրջ զբաղվել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբը՝ 1921-1923 թվականներին, դրանք մանրակրկիտ եւ գաղտնի քարտեզներ էին` Հայաստանում դրանցից որեւէ մեկը չի տեսել: Սրանք այն քարտեզներն են, որոնց մասին խոսում էր Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինն ասելով, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում լինի, Ռուսաստանը պիտի մասնակցի, քանի որ միայն Ռուսաստանն ունի մանրակրկիտ քարտեզներ: «Հետաքրքիր է, որ Պուտինն ասաց, որ քարտեզները կհրապարակեն միայն բանակցությունների սեղանի շուրջ, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը մինչեւ վերջին վայրկյանը չեն իմանալու ինչի մասին են բանակցում», – նկատում է Ռուբեն Գալեչյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31