Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է հետևել ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների իրականացման գործընթացին։ ՀՀ Կառավարության 2021 – 2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված առաջնահերթությունների, մասնավորապես` ՀՀ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Կազմակերպությունը 2021 թվականից ի վեր հրապարակել է երկու տեղեկանք, որոնք կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ։ Ստորև կներկայացնենք 2023-ին կազմած զեկույցից որոշ հատվածները։ Ամբողջական տարբերակը գտեք՝ ԱՅՍՏԵՂ։
Ամփոփենք ՀՀ կառավարության 2021-2026 թթ. զինված ուժերի բարեփոխումներին և զարգացմանն ուղղված հնգամյա ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ հասանելի տեղեկությունները և համեմատելով դրանք 2021 և 2022 թթ․ ընթացքում իրականացված գործողությունների հետ․
🔺Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի
🔴 Ինչպես անդրադարձել էինք ՀՀ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Կազմակերպության հրապարակած 2021 և 2022 թթ. տեղեկանքներում, այժմ ևս արձանագրում ենք, որ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի մեկնարկից ավելի քան երկու տարի անց զինվորական ծառայության ժամկետների փոփոխության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և զինված ուժերում ներկայումս շարունակում է գործել մինչ այժմ կիրառվող։ Բացի այդ, ինչպես նախորդ տեղեկանքներում, այժմ ևս արձանագրում ենք, որ պրոֆեսիոնալ բանակի անցնելու գաղափարի հիմքում որպես շահագրգռող գործոն դրվում է զինծառայողների ֆինանսական ապահովությունը, հանձինս 2023 թ. մեկնարկած ատեստավորման մեխանիզմի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի։
Կարդացեք նաև
🔺Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում
🔴 Ազգային անվտանգության նոր ռազմավարության և ռազմական նոր դոկտրինի մշակման աշխատանքները դեռևս սկսված չեն, և հայտնի չէ՝ դրանց ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում: Հայտնի չէ նաև այն, թե արդյոք իրականացվել են քայլեր միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ, թե ոչ։
🔴Առաջադրված խնդիրների լուծման նպատակով մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ զորամիավորումների ու ստորաբաժանումների կազմավորման մասին տեղեկություններ հայտնի չէին ինչպե՛ս նախորդ տեղեկանքները հրապարակելիս, այնպե՛ս էլ այժմ։
🔴 Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ավտոմատացված կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ զինված ուժերի կառավարման և զորային օղակներում նախապատրաստվում են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ, սակայն հստակ չի նշվում, թե կազմակերպչական և հաստիքային ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը և երբ է նախատեսվում դրանք ավարտել։
🔺 Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով
🔴 Ընդգծելով այն փաստը, որ հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության զինված ուժերում փոխվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 4 պետ և այն հանգամանքը, որ 2020 թ նոյեմբերից մինչ այժմ, շուրջ երեք տարվա ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացվել է առնվազն 39 զինվորական պաշտոնյայի փոփոխություն, կարող ենք պնդել, որ չլուծված հակամարտության պայմաններում գտնվող և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առջև կանգնած պետության ռազմական ղեկավարման կազմակերպումը դեռևս պատշաճ մակարդակով ապահովված չէ։
🔺 Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խթանում, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման, ռազմական ներուժի ավելացում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացման շնորհիվ
🔴 Ինչպես նախորդ երկու տեղեկանքների հրապարակման պահին, այժմ ևս ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խթանմանն ուղղված գործողությունների մասին տեղեկություններ հայտնի չեն, ինչը գուցե պայմանավորված է ոլորտին առնչվող գործողությունների գաղտնիությամբ, սակայն մյուս կողմից այս բնագավառին առնչվող հրապարակային որևէ տեղեկության բացակայությունը կամ անդրադարձի բացակայությունը, վկայում է, որ այս առաջնահերթության ուղղությամբ ռազմավարությունը դեռևս հստակեցված չէ։
🔴 Նախորդ երկու տեղեկանքներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ դաշնակից և գործընկեր պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող քաղաքականությունը արդյունավետ չէ, հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կոռուպցիան ունի համակարգային բնույթ և պաշտպանված չեն զինծառայողների իրավունքները։ Դիտարկվող ժամանակահատվածում երկու պետությունների դաշնակցային համագործակցության անարդյունավետությունը առավել ընդգծվեց Ռուսաստանի Դաշնության կողմից դաշնակցային պարտավորությունների չկատարման փաստով, մասնավորապես Հայաստանի Հանարպետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիաների ժամանակ ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակներում Հայաստանին աջակցություն չտրամադրելու փաստով և 2022 թ․ վերջին ի հայտ եկած այն հանգամանքով, որ մինչ 2020 թ․ 44-օրյա պատերազմական գործողությունները դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից գնված սպառազինությունը չի մատակարարվել Հայաստանի Հանրապետություն, չնայած դրա համար արդեն վճարված էր։
🔴 Անդրադառնալով ՀՀ և ՌԴ պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հանդիպումներին՝ կարող ենք արձանագրել, որ Կազմակերպության կողմից 2021 և 2022 թվականներին հրապարակած տեղեկանքներում ՀՀ զինվորական պաշտոնյաների այցերը Ռուսաստանի Դաշնություն կտրուկ տարբերվում են միմյանցից և 2023 թ․ հունիսի դրությամբ կատարված այցերից։ Մասնավորապես՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ․ նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել հայ-ռուսական զինվորական պաշտոնյաների առնվազն 18 հանդիպում, 2021 թ․ նոյեմբերի կեսից մինչև 2022 թ․ հուլիսի կեսը՝ 8 ամսվա ընթացքում՝ 4 հանդիպում, իսկ 2022 թ․ հուլիսի կեսից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինվորական պաշտոնյաները աշխատանքային այցով առնվազն 5 անգամ մեկնել են ՌԴ, մինչդեռ որևէ պաշտոնական այց ՌԴ-ից ՀՀ չի կատարվել կամ նման մասնավոր այցերի մասին տեղեկությունները չեն հանրայնացվել։ Փաստորեն, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ և ՌԴ զինվորական պաշտոնյաների հանդիպումների հաճախականությունը նախ նվազել է 78 %-ով, ինչը կարող է պայմանավորված լինել և՛ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմով, և՛ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների պարտավորությունների չկատարմամբ, ապա 2023 թ ավելացել 25 %-ով, ինչը վկայում է այն մասին, որ չնայած այս ամենին, ինչպես նախկին երկու տեղեկանքներում էինք արձանագրել, այժմ ևս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխման և զարգացման գործընթացն իրականացվում է մեծամասամբ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ և մասնակցությամբ՝ այլ պետությունների հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելով նվազագույն չափով կամ ընդհանրապես չօգտագործելով։
🔴 Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացված այցերին, հարկ է նշել, որ 2022 թ. հուլիսից հետո դրանք առավել հաճախակի են դարձել 2021 և 2022 թվականներին տեղեկանքների հրապարակման պահի դրությամբ կատարված այցերի համեմատությամբ։ Եթե 2020 թ․ նոյեմբերից մինչև 2021 թ․ նոյենբեր ընկած ժամանակահահատվածում կայացել է ՆԱՏՕ-Հայաստան ընդամենը 1 հանդիպում, իսկ 2021 թ․ նոյեմբերից մինչև 2022 թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում 2 հանդիպում, ապա 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում առնվազն 9 հանդիպում է տեղի ունեցել։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է արձանագրել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում հանդիպումների հաճախականությունն այժմ ավելի ինտենսիվ է, քան նախկինում, ինչը նոր գործոն է ՀՀ ռազմական օրակարգի փոփոխության տեսանկյունից։
🔺 Ամրապնդել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը
🔴 Չնայած ՀՀ ՊՆ-ի կողմից տեղեկացվում է ՀՀ զինված ուժերում զինվորական հոգեբանների ինստիտուտի զարգացման և կատարելագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների՝ այդ թվում մասնագիտական կրթության ծրագրերով վերապատրաստումների մասին, հավելելով նաև, որ փուլային կարգով զորամասերում ներդրվում են սպա-հոգեբանների հաստիքներ, սակայն նշված գործողությունների իրականացումը ինչպես նախորդ երկու տեղեկանքներում ենք նշել, այժմ ևս տեսանելի արդյունք չի արձանագրել, ինչի հավաստումն են զինված ուժերում հանցագործությունների, կանոնադրային հարաբերությունների խախտումների դեպքերը, նվազման միտում չունեցող մահվան՝ հատկապես ինքնասպանության, սպանության հետևանքով մահվան դեպքերը։
🔺 Մեծացնել զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործել զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները, բնակարանային ապահովման ծրագրերը, բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը
🔴 Եթե նախկին տեղեկանքների հրապարակման պահի դրությամբ պարզ չէին այն մեխանիզմները, որոնցով նախատեսվում էր կատարելագործել զինծառայության գրավչությունը, ապա այժմ ակնհայտ է, որ զինծառայողների նյութական ապահովման երաշխիքների ձևավորման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Սակայն ներկայումս, ինչպես և նախկինում, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության նկատմամբ գրավչության բարձրացման համար շարունակվում է որպես առաջնային գործոն դիտարկվել զինծառայողների ֆինանսական ապահովումը, մինչդեռ ֆինանսական ապահովության խնդրի հետ միասին անհրաժեշտ է լուծել առանց գաղափարական մոտեցման ձևավորման խնդիրները, առանց որի դժվար կլինի որևէ դրական արդյունք ապահովել:
🔴 Չնայած բնակարանային ապահովման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ ներկայումս կատարվող փոփոխություններին, որոնք մեկնարկել են դեռևս Կազմակերպության երկրորդ տեղեկանքը հրապարակելու պահին՝ 2022 հուլիսին, այնուամենայնիվ դեռևս ամբողջությամբ լուծված չէ 1990-ական թվականներից մինչ օրս բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ներգրավված նախկին զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրը։
🔴 Նախորդ երկու տեղեկանքների հրապարակման պահին զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ էական քայլեր չէին իրականացվել։ Այժմ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմն իրականացվում է ատեստավորման գործընթացի միջոցով։ Դեռևս պարզ չէ, թե որքանով արդյունավետ և թափանցիկ կլինեն ատեստավորման արդյունքները, և որքանով է պաշտպանական գերատեսչությունը գնահատել ատեստավորման արդյունքում անբավարար գնահատական ստացող պայմանագրային զինծառայողներին զինված ուժերի համակարգից հեռացնելու հետևանքները զինված ուժերի համար։
🔴 Ինչպես արձանագրել ենք նախորդ երկու տեղեկանքներում, այժմ ևս պարզ չեն, թե ինչ համակարգային մեխանիզմներով է նախատեսվում ապահովել զինծառայողի հեղինակության բարձրացումը:
🔺 Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կատարելագործում, զինված ուժերի կարգապահության խթանում, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերի բացառում
🔴 Ինչպես նախորդ երկու տեղեկանքներում ենք արձանագրել, մինչ այժմ սահմանված չեն զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ:
🔴 Ինչպես նախկին տեղեկանքներում այժմ ևս արձանագրում ենք, որ ՀՀ զինված ուժերում շարունակվող ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության մտահոգիչ դեպքերը վկայում են զինված ուժերում մարդու իրավունքների և զինվորական կարգապահության պաշտպանության ոլորտում բացերի մասին, և հայտնի չէ՝ զինվորական կարգապահության խախտման դեպքերի կանխման ուղղությամբ ինչ հստակ քայլեր են իրականացվում:
🔺 Կանանց ներգրավումը ՀՀ զինված ուժերում
🔴 Կանանց ներգրավումը ՀՀ զինված ուժերում նորություն չէ, քանի որ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի քաղաքացիների ընդունելություն սկսել է անցկացվել դեռևս 2013 թ-ից։ 2023 թ․-ից ՀՀ կառավարությունը նախաձեռնեց կանանց ժամկետային զինվորական ծառայության մեջ ներգրավելու առաջին գործնական քայլերը, որոնք նախորդ տեղեկանքների հրապարակման պահին դեռևս մշակված չէին։ Չնայած պաշտպանության նախարարությունը նշում է, որ կանանց ներգրավումը զինված ուժերում կհանգեցնի զինված ուժերում կարգուկանոնի ու կարգապահության ամրապնդմանը, սակայն պարզ չէ՝ արդյոք կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու պայմաններ, այդ թվում հարմարեցումներ և միջավայր զինված ուժերում կանանց արժանապատիվ զինծառայության ապահովման համար։
🔺 Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում
🔴 12․1 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում հստակ բացահայտվեց անհրաժեշտ քանակի և պայմաններով հագեցած ապաստարանների բացակայության խնդիրը, սակայն ապաստարանների խնդիրը մինչ օրս լուծված չէ ՀՀ ամբողջ տարածքում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում, ինչը ինքնին շատ մտահոգիչ է պատերազմի վերսկսման վտանգի առաջ կանգնած երկրի համար։
🔴 12․2 2021 թ. հրապարակված տեղեկանքում արձանագրել ենք, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական նոր սահմանին համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում է զինծառայողների ծառայության իրականացման բնականոն ընթացքը և սպառնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությանը։ 2022 թ. հրապարակված տեղեկանքում անդրադարձանք ՀՀ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ պատերազմից հետո առաջացած նոր սահմանները կահավորելու, առաջնագիծ հասնող ճանապարհների կառուցման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում։ Մինչդեռ այժմ բավարար տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ գնահատել, թե որքանով է հաջողվել կահավորել առաջնագիծը, ստեղծվել են արդյոք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մասնավորապես դեպի մարտական հերթապահության դիրքերը տանող անվտանգ և բարեկարգ ճանապարհներ, թե ոչ։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ