Այսօր հերթական անգամ նշվում է Սահմանադրության օրը և Հայաստանի տարբեր մաստի պաշտոնյաներ, ըստ ենթակայության, հերթով շնորհավորում են «հարազատ» ժողովրդին։
Բնականաբար, առաջինը շնորհավորելու իրավունքը, 2018թ․ իշխանությունը զավթած, վարչապետ կոչեցյալինն է։ Նրա ուղերձին են անհամբեր սպասում նրա ենթականեր՝ ՀՀ վարչապետի նախագահ-կնիքը և ԱԺ խոսնակը, ամեն անգամ միմյանց հետ մրցելով, թե ով ավելի շուտ, արդեն իր ուղերձով հանդես կգա։
Ամեն դեպքում, հուլիսի 5-ը Հայաստանի պետական տոներից մեկն է և ոչ աշխատանքային օր։
1995թ․ հուլիսի 5-ին Հայաստանում, Ազգային ժողովի ընտրություններին զուգահեռ, անցկացվեց սահմանադրական հանրաքվե։ Ընտրական հանձնաժողովի իրական ղեկավարը հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանն էր, որի վզին իշխանության կողմից դրված էր ապահովել ցանկալի արդյունք։ Եվ Գագիկ Ջհանգիրյանը հաջողությամբ կատարեց իր «վզին դրվածը»։ Այդ օրը դրվեց Հայաստանի, որպես պետություն, կեղծիքներով «զարգանալու» հիմքերը։
Կարդացեք նաև
Նախ, հանրաքվեի մասին։ Այն անցավ ամենաաներևայական խախտումներով՝ հանրաքվեի ավարտը 2 ժամով երկարացնել, քվեատուփերի առևանգումներ, արձանագրությունների կեղծումներ և այլն և այլն։
Այժմ երկու խոսք, բովանդակության մասին։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Իմ կարծիքով, սա ամենածիծաղելի հոդվածն է։ Հավանաբար, նման հոդված առկա է «ժողովրդական» կամ «ժողովրդա-դեմոկրատական» երկրների, ինչպիսին է Հյուսիսային Կորեան, սահմանադրություններում։ Չեմ կարծում, որ որևէ իրական ժողովրդավարական երկրի սահմանադրության մեջ նման հոդված լինի։
Այս հոդվածն ինձ հիշեցնում է 1936թ․ ընդունված ԽՍՀՄ Սահմանադրությունը։
Հոդված 1․ Խորհրդային Սոցիալիստական Միությունը բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է։
Հոդված 3․ ԽՍՀՄ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է քաղաքի և գյուղի աշխատավորներին՝ հանձինս աշխատավորների պատգամավորների խորհուրդների։
Եվ ինչպես ԽՍՀՄ-ում իշխանությունը պատկանում էր աշխատավորներին, այնպես էլ Հայաստանում, այն պատկանում է ժողովրդին։ Եվ ինչպես ԽՍՀՄ-ում աշխատավոր բանվոր դասակարգն ու գյուղացիներն էին ապրում Կրեմլում, օգտվում տարբեր նոմենկլատուրական արտոնություններից, այնպես էլ Հայաստանում, ժողովուրդն է ապրում կառավարական առանձնատներում, շքեղ բնակարաններ գնում, ստանում բարձր աշխատավարձ, մեկնում թանկարժեք արձակուրդներ։
Կարծում եմ, որ Սահմանադրության տվյալ հոդվածի ձևակերպումը պետք է լիներ մոտավորապես հետևյալը․ «Հայաստանում իշխանության աղբյուրը ժողովուրդն է» կամ « Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»։
5-րդ հոդվածը հռչակում էր․Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Բայց արդեն 94-րդ հոդվածով, հերքվում էր 5-րդ հռչակագրային հոդվածը։
Հոդված 94. Դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը:
Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:
Խորհրդի կազմի մեջ մտնում են նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ:
Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորներից: Դատավորների ընդհանուր ժողովները յուրաքանչյուր տեղի համար գաղտնի քվեարկությամբ առաջադրում են երեքական թեկնածու:
Խորհրդի դատախազ անդամների թեկնածությունները առաջադրում է գլխավոր դատախազը:
Հիշենք նաև 108-րդ հոդվածը։
Հոդված 108. Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ:
Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը:
Ահա և ձեզ հայկական ժողովրդավարություն և իրավական պետություն։
2001թ, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի Խորհրդին (ԵԽ), ԵԽ-ի պահանջով, թվում էր, թե որոշակի դրական փոփոխություններ կատարվեցին 2005թ․ , նույնպես կեղծված սահմանադրական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ։ Իսկապես, օրենսդրորեն որոշակի անկախություն ստացավ դատական համակարգը, Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Բայց իմ համոզմամբ, այս փոփոխություններն իրականում առանձնապես ազդեցություն չունեցան, այլ ընդամենը մի փոքր դժվարացրեցին գործադիր իշխանության գործունեությունը։
Օրինակ, Երևանի քաղաքապետն այլևս ուղղակիորեն չէր նշանակվում գործադիրի ղեկավարի կողմից, այլ նշանակվում էր և է զուտ հայկական ընտրություններով։
Այսպիսով, Անկախ Հայաստանի երեք հիմնական տոներն են․
-Սեպտեմբերի 21-ը, որպես Անկախության տոն։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին անցկացվեց Անկախության հանրաքվեն։ Ինչպես բոլոր այլ հանրաքվեներն ու ընտրությունները, այն նույնպես կեղծվեց։ Բացի այդ, սեպտեմբերի 21-ը ոչ մի կապ չունի Հայաստանի անկախության հետ։ Անկախությունը եկավ նույն 1991թ, դեկտեմբերին Բելովեժյան՝ Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռակողմ համաձայնագրով։
-Հուլիսի 5-ը, որպես Սահմանադրության տոն։
-Ապրիլի չգիտեմքանիսը, որպես Քաղաքացու օր։ Այս տոն կոչվածն, իր կեղծիքներով ու ստերով, գերազանցեց նախորդ երկու տոները։
Ամփոփում․ Նման պետական տոներ ունեցող երկիրը, բնականաբար կհայտնվեր այսպիսի ողորմելի վիճակում։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Իսկ խի՞ այսօր բնաւ չենք խօսում՝ Խորհրդային Միութեան Սահմանադրութեան մասին: Արդարեւ, այդ Սահմանադրութեան հիման վրայ է որ, 1991ին, ԼՂԻՄ-ում մէջ տեղի ունեցաւ………………… [ լրիւ պարզաբանական գրառումը ՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid06QismP1r1pbkfMKwtditPjQUZNZw8Q9Vk1LYwsvfj7YnVj8ScPSfS1yjcRobawvql&id=100063953917374 ]