Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանին:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, Աբդոլլահիյանը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվեն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքները՝ հավելելով, որ Իրանի դատական և իրավապահ կառույցները «լրջորեն» քննում են դիվանագիտական ներկայացուցչության դեմ կատարված ահաբեկչական գործողությունը:
Ալիևն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչության մեջ մեղավորներն արժանի պատիժ կկրեն:
Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ Բաքվի ու Թեհրանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Իրանը կարևոր դեր են խաղում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման գործում:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների, ինչպես նաև «Արևելազանգեզուրյան տնտեսական շրջանի» և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ