Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին իրավական առումով ունենք հետեւյալ իրավիճակը՝ «Գոյը» չի փակվում». Փաստաբան

Հուլիս 05,2023 16:22

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը հրավիրված ասուլիսում ասաց, որ պարբերաբար հանրությանը ներկայացնում են այն ամենը, ինչ կատարվում է թատրոնի շուրջ:

Representative of ‘Goy’ theatre, lawyer Karo Asatryan gave a press conference at ‘Goy’ theatre of Yerevan, Armenia

Նա նաեւ դրվագ առ դրվագ հիշեցրեց, թե ինչպես էր մրցույթ անցկացվել, եւ որեւէ մեկը թատրոնի տնօրեն չէր ընտրվել, ինչպես են «Գարեգին Նժդեհ» ներկայացումից մեկ օր անց հրավիրվել նախարարություն, որտեղ հայտնել են «Գոյ» ու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման մասին, այնուհետեւ դրան հետեւել են այլ զարգացումներ՝ մինչեւ դատական գործընթացներ:

Representative of ‘Goy’ theatre, lawyer Karo Asatryan gave a press conference at ‘Goy’ theatre of Yerevan, Armenia

Փաստաբան Կարո Ասատրյանն ասաց, որ ինքը ներկայացնելու է իրավական տիրույթում առկա խնդիրները. «Ամիսներ շարունակ որոշակի գործընթաց է եղել «Գոյ» թատրոնի շուրջ, որի արդյունքում մենք այժմ գտնվում ենք դատական պաշտպանության փուլում: Առաջնահերթ կուզենայի «Գոյ» թատրոնի հանդիսատեսին, մեր հանրությանը տեղեկացնել, որ այս պահին իրավական առումով ունենք հետեւյալ իրավիճակը՝ «Գոյը» չի փակվում: Կարող ենք օրենքի ուժով փաստել, որ «Գոյը» չի փակվելու առնվազն մինչեւ հիմնական դատական ակտի կայացումը, թեեւ ներքին համոզմունք ունեմ, որ թատրոնն ընդհանրապես չի փակվելու»:

Փաստաբանը մի քանի հանգամանք պարզաբանեց. «Ձեւական առումով նորմատիվ իրավական ակտ ունենք կառավարության կողմից ընդունված: Իսկ նորմատիվ իրավական ակտերը կառավարության այն որոշումներն են, որոնք անորոշ թվով մարդկանց համար իրավունքներ, պարտականություններ, այլ կերպ ասած՝ նորմեր են առաջացնում: Տվյալ պարագայում բովանդակային առումով կառավարության որոշումը չունի այդ կառուցվածքը, այսինքն` չի նախատեսում անորոշ թվով մարդկանց համար պարտադիր վարքագծի կանոններ: Այն առնչություն ունի կոնկրետ «Գոյ» եւ Սունդուկյան թատրոնների հետագա ճակատագրի հետ: Տրամաբանությունը հետեւյալն է, որ կառավարությունը որոշում է կայացրել վերամիավորման ձեւով վերակազմակերպելու մասին, ու որպես իրավահաջորդ լինելու է Սունդուկյան թատրոնը:

Եթե ընդհանուր դիտարկենք սա, կարելի է արձանագրել հետեւյալը՝ քանի որ երկու դեպքում էլ ՊՈԱԿ-ներ են, պետությունը որպես հիմնադիր կարող է հանդես գալ եւ նման գործողություններ ձեռնարկել: Առաջին հայացքից դա նորմալ է, սակայն երբ ավելի հետամուտ ենք լինում, ապա ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով հստակ ամրագրված է, որ ցանկացած պետական մարմին ներկայացնող անձ պետք է բացառապես առաջնորդվի օրենքներով: Ցանկություններով չի կարող որեւէ պետական պաշտոնյա կամ աշխատակից առաջնորդվել»:

Representative of ‘Goy’ theatre, lawyer Karo Asatryan gave a press conference at ‘Goy’ theatre of Yerevan, Armenia

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31