Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան 40 տարի ապրում ենք Մուշականում, բայց կոյուղի չունենք». Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար

Հուլիս 05,2023 16:06

Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել:

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում են բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարևոր խնդիրը:

«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբևէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը ևս զրոյից կառուցել և միացնել այս ցանցին: Քաղաքում հիմնովին նոր աշխատանքներ են իրականացվում», – նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Զուգահեռաբար բնակիչները կկարողանան ներքին միացումներն անել: Ծրագիրն էապես կբարձրացնի բնակիչների կյանքի որակը:

«Կոյուղագիծը սանիտարական հիգիենայի կարևոր պայմաններից մեկն է: Մոտ 240 մլն դրամ արժողությամբ ծրագիրը հիմնովին է լուծում կոյուղագծի հարցը, և սա երկար պետք է ծառայի բնակիչներին: Մոտ 50-60 տարի կծառայեն»,-նշում է Խորեն Գրիգորյանը:

Երևանում ընթանում է նաև կոյուղատար համակարգերի վերակառուցում: Խաղաղ Դոնի 23 հասցեն քաղաքի ամենամեծ շենքն է: Տարիներ շարունակ այստեղ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: Այսօր արդեն տեխնիկան աշխատում է բակում:

«Խնդիրը բնակիչները բազմիցս բարձրացրել էին, նույնիսկ առաջին հարկի բնակարաններ էր լցվում: Այժմ հարցը լուծում է ստանում»,- նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:

«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է Վիոլեա ջուր ընկերությունը՝ 1.4 կմ երկարությամբ՝ 10 հասցեներում»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Հատուկ հսկողություն է սահմանված աշխատանքների որակի նկատմամբ: Հնամաշ մետաղական խողովակները փոխարինվում են նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով:

Երևանի ներքաղաքային կոյուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն: Երևանի քաղաքապետարանը գրանցել է ոլորտի առաջնահերթ և հեռանկարային խնդիրները, կազմել ծրագրային փաթեթ:

«Առաջիկայում քննարկում կունենանք, և հավանաբար ամփոփ առաջարկ կներկայացվի կառավարություն այս առնչությամբ»,-ասում է Արեյանը:

Երևանի զարգացումը պետք է նպաստի նաև քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը: Փուլ առ փուլ համայնքը լուծում է մայրաքաղաքի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31