Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցեն Թոնի Բլերի կնոջ հիմնադրամի հետ. կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք

Հուլիս 05,2023 15:29

Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ` Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։

Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչության ղեկավար՝ նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում ներկայացրել է նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ ջանքերով իրականացված «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի մանրամասներն ու արձանագրված արդյունքները․ երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվել դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ: Շուրջ 1400 կին մասնակցել է թվային մարքեթինգի դասընթացների և կատարելագործել իրենց հմտությունները։

Շերի Բլերն անդրադարձել է իր կողմից ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, իրականացված քարոզարշավներին, որոնց շրջանակում աշխարհի բազմաթիվ կանայք ստացել են ձեռներեցության և բիզնես գաղափարների իրագործման գիտելիքներ, զարգացրել իրենց կարողությունները։ Հիմնադրամի շնորհիվ 2008 թվականից սկսած աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230000 կին։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը ևս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավվելով շուրջ մեկ միլիոն կանանց։

Նախարար Նարեկ Մկրտչյանն պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը և Հայաստանում ևս իրագործել այդ ծրագիրը՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։

Երկուստեք շեշտվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել համագործակցության հուշագիր։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31