Լրահոս
Օրվա լրահոսը

Թերևս անընդունելի է, երբ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այն էլ բռունցքներով. Սիմոն Բաբայանի ուղերձը

Հուլիս 05,2023 15:06

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, գերակայությամբ օժտված իրավական ակտ հանդիսանալով, հստակ ուրվագծել է մեր պետության և հասարակության առանցքային և հիմնարար սկզբունքները` Հայաստանի Հանրապետությունը հռչակելով որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

Հատկանշական է այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է նաև մեր` փաստաբաններիս անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված գործունեությունը:

Հիշատակելով վերոգրյալը` պետք է արձանագրենք, որ փաստաբանական համայնքը, այնուամենայնիվ, առերեսվում է լուրջ խնդիրների, որոնք անմիջականորեն կարող են ազդեցություն ունենալ մասնագիտական գործունեության վրա:

Թերևս անընդունելի է, երբ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այն էլ բռունցքներով:

2023 թվականի առաջին կիսամյակում երեք փաստաբան ենթարկվել է բռնության իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ մասնավորապես ոստիկանության ծառայողների կողմից:

Հատկանշական է նաև այն, որ տվյալ փաստաբանները ոստիկանության ծառայողների կողմից բռնության են ենթարկվել իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելիս:

Կատարվածի առնչությամբ, փաստաբանները նպատակ ունենալով կանխել մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները, ներկայացրել են իրենց օրինական պահանջները՝ ակնկալելով իրավական պետությանը համահունչ արձագանք:

Այս խորհրդանշական օրը լիահույս եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը չի սասանվի:

Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս այն համոզմունքով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որպես իրավական հենարան հռչակված մայր օրենք, ծառայելու է իր նպատակին:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31