Լրահոս
Օրվա լրահոսը

Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի, այն միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 05,2023 14:38

Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին

Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.

  • Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը
  • Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։

Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները չեն իրականացվելու, բայց դրանից կոնցեպցիայի արժեքը չի փոխվում։ Ավելին՝ ընդգծվում է անելիքի բովանդակությունը։

                                Այս պայմաններում մեր անելիքը

Այս բովանդակությունը կարող է դառնալ կոնսոլիդացիոն սոսինձ՝ Արցախի, Հայաստանի ռացիոնալ–ազգային հատվածի, հայկական աշխարհի ու նաև միջազգային հանրության համար, առաջին հերթին՝ միջնորդների։ Արեցինք սա՝ այս բովանդակությունը դառնալու է լուրջ խնդիր Ալիևի համար։

Արցախի հարցը այս պահին հանգում է երկու կետի.

ա/ Արցախի անվտանգություն

բ/ 120 հազար հայության՝ 21-րդ դարում ընդունված նորմալ ապրելու, կենսագործունեության միջավայր։

Ահա այս գործի հաջողության համար էլ կա կարևոր նախապայման. Արցախից և Արցախի հարցում պետք է լինեն բացառապես ռացիոնալ, գործնական ուղերձներ, մոտեցումներ։ Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի։ Էմոցիան միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ։

                                Ով ենք մենք՝ իշխանության այլընտրանքը

 «Մենք» այս պահին իշխանություն չենք. սա իրողություն է, որն էապես դժվարացնում է մեր անելիքը։ Բայց սա չի նշանակում, որ այս փաստը փակում է բոլոր հնարավորությունները. Արցախը, 120 հազար արցախահայությունը և Հայաստանի գալիք հազարամյակների պատմությունը չեն կարող գերի լինել այս պահի ՀՀ իշխանություններին։

Այս առումով շատ կարևոր է ձևակերպենք, թե մենք ով ենք, սա չափազանց կարևոր հարց է։

Մենքը.

  • Արցախն է, որից պետք է դուրս գան գրագետ, ռացիոնալ ձևակերպումներ։ (Արցախի իշխանությունները և Արցախի անվտանգության և զարգացման ճակատը՝ համագործակցելով)
  • Արցախի շուրջ ձևավորվող շարժումը Հայաստանում. մենք ռևանշիստ չենք, մենք իրականությունից կտրված արկածախնդիրներ չենք։ Մենք կայուն խաղաղության կողմնակիցներն ենք՝ ազգային-ռացիոնալ պատկերացումներով։
  • Հայկական աշխարհում նույն բովանդակությամբ կոնսոլիդացիայի պրոցեսը՝ նշված երկու կետի շուրջ։ Հայկական աշխարհ ասելով նկատի ունեմ ազդեցիկ հայեր, սփյուռքի կառույցների հետ գրագետ, համակարգված աշխատանքը, առաքելական եկեղեցի։

Կարևոր գործերի ժամանակը

Վ. Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ, սահմանափակվեց մակրո-ձևակերպումներով՝ ասելով այն, ինչը կարելի էր և պետք էր ասել հրապարակայնորեն։ Դրան պետք է հետևի կարևոր գործերի ժամանակը.

ա/ վերը նշված երկու կետերի (անվտանգություն և ապրելու միջավայր) շուրջ գրագետ քայլերի, առաջարկների, գաղափարների դետալային մշակում։

բ/ Արցախի և հայրենիքապահպանության գաղափարով նոր համահայկական պլատֆորմի ձևավորում՝ Արցախ, Հայաստանի ազգային–ռացիոնալ շրջանակներ, հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներ։

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։ Ու ինքը միայն այդպես կարող է հաղթել։ Մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ ու նորմալ կյանքով ապրող Արցախ: Ա կետը գրագետ բովանդակությունն է, Բ-ն՝ ուղղակի այլընտրանք չունեցող մեխանիզմ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։

Ես վստահ եմ՝ անենք ամեն հնարավորը և կտեսնենք, որ անսպասելի բացվում են նաև անհնարինի դռները։ Ուրեմն պետք է աշխատել։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31