«Եթե մենք իսկապես ունենայինք պետություն ունեցող եւ պետական ճանապարհով իր անվտանգությունը եւ իր ինքնիշխանությունը պահող ժողովուրդ, Սահմանադրության օրը պետք է նշանավորվեր ոչ թե իրավիճակի հետ անհարիր կամ համերգային տոնական ինչ-ինչ միջոցառումներով, այլ համապատասխան ոգեկոչումներով եւ ռազմավարության մշակումներով»,- «Հայելի» ակումբում նշեց լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, որտեղ նա կոչ էր անում ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրությունը:
«ՀՀ Սահմանադրություն կարդալու խորհուրդը, եթե այն հնչում է Քաղաքացիական պայմանագրի վարչապետի կողմից, իրականում նման է հեգնանքի, որովհետեւ այս կառավարության շատ քայլերի պարագայում օգտվում են հենց Սահմանադրության այն թերություններից, որոնք վերահսկելի հնարավորություն եւ իշխանություն են տալիս վարչապետին, բայց անգամ այդ պարագայում ոտնահարվում են բազմաթիվ սահմանադրական նորմեր: Այդ նորմերից առաջինը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, մի տարածք, որն անընդհատ փոփոխվում է վարչապետի ղեկավարած կառավարության վարած քաղաքականության պատճառով: Եթե վարչապետը Սահմանադրությունն ուշադիր կարդալու խորհուրդ է տալիս, զարմանալի է, թե ինքը ինչու չի անում նույնը»,-ասաց Նարինե Դիլբարյանը
«Ի դեպ, Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ զինանշանը ամրակայված են Սահմանադրությամբ, եւ դրանց վերաբերյալ անհասկանալի դիտարկումներ կատարելը, դրանք վարչապետի կողմից սրբագրել, խմբագրելը, օտար բառով ասած՝ ռեւիզիայի ենթարկելը եւս հակասահմանադրական է: Այսօր Սահմանադրության հիմնարար հոդվածները չեն գործում, եւ այդ հոդվածները պաշտպանության կարիք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ