Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին։ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։
Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։
Կարդացեք նաև
Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է։ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ՝ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը, որովհետև իրավունքները, ազատություններն ու անկախությունը նախևառաջ բարձրագույն պատասխանատվություն են։
Պետականության և ազատության գաղափարների համադրությունն ու հավասարակշռությունն է այն հենսայունը, որի վրա կերտվում են պետականության օրինակարգությունը, քաղաքացիական ազատությունները, սահմանադրական կարգ, որտեղից սկիզբ է առնում պետության զարգացման ներուժը։
Սիրելի քաղաքացիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու ամրություն մեր պետականությանը, բարեկեցություն մեր քաղաքացիներին և հավատացած եմ, որ մեր հայրենիքն ու մեր ժողովուրդն ունեն այս նպատակներին հասնելու ներուժ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ