Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան

Հուլիս 05,2023 13:08

«Մենք քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»,- ձերբակալվածների պահման վայրից ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի ազատ արձակվելուց հետո տեղեկացրեց Դավիթ Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեն Նիկոլ Փաշինյանի հասցեին Դավիթ Ավետիսյանի կողմից հնչեցված «դավաճան» եւ «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանք և Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշում կայացրել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 3-ին ԱԺ–ում վարչապետը հայտարարել էր․ «Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան»։

Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ Դավիթն արդեն մեղադրյալ է․ «Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Դավիթի նկատմամբ ընտրվեց նաև չբացակայելու մասին խափանման միջոց։ Եվ միաժամանակ նաև որոշում կայացվեց ձերբակալումից ազատելու մասին»։

Արայիկ Պապիկյանի համար սա սպասելի էր․ «Արտառոց բան չկար։ Դավիթի հնչեցրած արտահայտությունների մասին մենք երեք դատավարական փաստաթուղթ ենք ստացել՝ ձերբակալման մասին որոշում, քրեական հետապնդման մասին որոշում և խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այդ երեք փաստաթղթերի մեջ Դավիթին վերագրվող արտահայտություններն ու խոսքերը, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին, յուրաքանչյուր տեղ տարբեր կերպ է գրված։ Այնպիսի զգացողություն է, որ այդ միակ անձը՝ ոստիկանության օպերլիազորը, որը վկայել է Դավիթի դեմ, անընդհատ տարբեր բան է ասել, հավանաբար չեն կողմնորոշվում՝ ինչ ձևակերպում գրել, որը կարող է բնորոշ լինել հայհոյանքին, առնվազն երեքի մեջ էլ տարբեր բաների մասին է խոսքը։ Դավիթը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, երբ մոտեցել է Փաշինյանին և այդ բառերը ասել, դա գնահատում են՝ որպես հայհոյանք»։

Հարցին՝ ի՞նչ պետք է լինի հետագա ընթացքը, փաստաբանը պատասխանեց․ «Հավանաբար կարճ ժամանակ հետո նախնական քննությունը կավարտվի, քանի որ, ըստ էության, այստեղ քննելու ոչինչ չկա։ Կա ոստիկանի մեկ ցուցմունք, կան այլ փաստաթղթեր, որոնցից մենք տեղեկություն չունենք։ Գործը կուղարկվի դատարան, որը պիտի կայացնի վճիռ Դավիթի կողմից խուլիգանություն կատարելու կամ չկատարելու մասին։ Եթե դատարանը ևս կմտածի, որ դավաճան կամ վիժվածք բառերը հայհոյանքներ են և, օրինակ, դրանք, որոնք ասվել են Նիկոլ Փաշինյանին, ուղղված են եղել հանրությանը, այսինքն՝ եթե կգտնեն, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը հանրություն է եղել, ապա Դավիթին կարող են մեղադրել նաև Տիտանիկի խորտակման մեջ։ Եթե դատարանը նման կարծիք չի ունենա, Դավիթը պետք է արդարացվի օբյեկտիվորեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31