Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում. ջանքեր գործադրել՝ կանխարգելելու». ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն է ընթերցվել

Հուլիս 05,2023 11:53

Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվեց համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Հայտարարությանը միացել էին ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետություններ։ Հայտարարությունը կարդաց Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության ժամանակ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են ազգային, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ խտրականության դրսևորումներ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր: Հայտարարությանը միացող երկրները ևս մեկ անգամ հանձնառություն ստանձնեցին կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները։

Համատեղ հայտարարության մեջ շեշտվում էր, որ հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցվելու համար:

Համատեղ հայտարարություն

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75 ամյակի կապակցությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ինտերակտիվ երկխոսություն Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

 ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյան

4 հուլիսի, 2023թ.

Հարգելի պարոն նախագահ,
Պատիվ ունեմ ներկայացնելու այս հայտարարությունը ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետությունների կողմից։

Ողջունում ենք Հատուկ զեկուցող Նդերիտուին և վերահաստատում մեր շարունակական աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման և Պաշտպանելու պարտավորության հարցերով խորհրդականների գրասենյակի գործունեությանը:

Այս տարի նշում ենք Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցը: Այն մարդու իրավունքներին առնչվող առաջին փաստաթուղթն էր, որն ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ: Այս երկու փաստաթղթերը միասին ուրվագծեցին այն աշխարհի տեսլականը, որում ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ հանցագործությունները կկանխվեն և կպատժվեն:

Այս տարելիցը հնարավորություն է տալիս վերահաստատել մեր հանձնառությունը հասնելու այս նպատակին, ինչպես նաև մտորելու դրական փորձի և մարտահրավերների մասին, որոնք առնչվում են այս կոնվենցիայի կիրառմանը:

Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են խտրականության դրսևորումներ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր:

Մենք հանձ ենք առնում մոբիլիզացնել մեր քաղաքական կամքը՝ կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները, կիրառելով Գլխավոր քարտուղարի Մարդկության դեմ հանցագործությունների վերլուծական շրջանակը: Ցեղասպանության վտանգ պարունակող իրավիճակներին հստակ արձագանքման ձախողումը ոչ մի արդարացում չունի:

Մենք շեշտում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի, ներառյալ՝ այս Խորհրդի, Բարձր հանձնակատարի գրասենյակի, հատուկ զեկուցողների, պայմանագրային մարմինների դերը՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի այն ոտնահարումների վերաբերյալ տեղեկատվության հավաքման գործում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

Հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցվելու համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31