Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ փոշմանում արածիս համար։ Չեմ հայհոյել, քանի որ ճշմարտությունը երբեք հայհոյանք կամ վիրավորանք չէ»․ Դավիթ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասին

Հուլիս 05,2023 11:21

«Ես զղջում եմ, որ ավելին չեմ արել, միայն բավարարվել եմ ճշմարտությունով։ Այն, ինչ վիրավորանք կամ հայհոյանք կարող է ինքը համարել, դա այդպես չէ, քանի որ ընդամենը ճշմարտությունն եմ ասել և զղջում եմ, որ ավելին չեմ ասել։ Ես արել եմ այն, ինչ վայել է առաջին և միակ հանրապետության քաղաքացուն»,-դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից, պատասխանելով հարցին՝ զղջո՞ւմ է իր արարքի համար, այսպես պատասխանեց ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը։

Քննչական կոմիտեն Նիկոլ Փաշինյանի հասցեին Դավիթ Ավետիսյանի կողմից հնչեցված «դավաճան» եւ «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանք և Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշում կայացրել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 3-ին ԱԺ–ում վարչապետը հայտարարել էր․ «Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան»։

Դավիթ Ավետիսյանը, մանրամասնելով, թե Անգլիական այգու մոտ ինչ է տեղի ունեցել իր հետ, երբ մոտեցել և կարճ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց․ «Չեմ փոշմանում արածիս համար։ Ես չեմ հայհոյել, քանի որ ճշմարտությունը երբեք հայհոյանք կամ վիրավորանք չէ։ Հոգուս խոսքն եմ ասել։ Ինձ համար անսպասելի էր՝ ինչքան էլ ինքն ինձ համար կարող է տհաճ անձնավորություն լինել, բայց վիրավորական է նաև այն առումով, որ երկրի ղեկավարը այնքան անպաշտպան է, որ ցանկության ու հնարավորության դեպքում հնարավոր էր ուղղակի ոչնչացնել նրան։ Մի քանի վայրկյան է տևել իմ իր հետ խոսելը, հրելը, ու դրանից հետո նրա թիկնապահները հասել ու իրենց գործողությունները կատարել են։ Ասեմ, որ շատ վատ են կատարել, որովհետև երբ արդեն պառկեցրին գետնին ինձ, մեկը ձեռքով բռնել էր քիթս ու բերանս իրենց համար կարևորը իմ՝ ձայն չհանելն էր, խոսք չէր կարող գնալ իմ ու վարչապետի անվտանգության մասին։ Կարևորը՝ վարչապետի անձը հանկարծ չվիրավորվի»։

Ըստ Դավիթ Ավետիսյանի՝ նրանք եղել են թիկնապահներ, բայց քաղաքացիական շորերով․ «Ոչ մեկը ոչ մի բան չի ներկայացրել, ոչ էլ բանավոր են ասել։ Նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա, բերել քննչական։ Այդ բերման ենթարկողներից երկուսից մեկին, որն այնտեղ ներկա էր քաղաքացիական շորերով, խնդրեցի, որ փաստաթուղթ ցույց տա․ ոստիկանության լեյտենանտ էր։ Բայց մյուսը, որը ձեռքով քիթս ու բերանս փակել էր, ինքը չեկավ, քանի որ վայրկյանական հասցրին, թե ում տղան եմ։ Հարված չեն հասցրել, պառկեցրել են գետնին, ու պառկած մարդուն խեղդելը վայրկյանի բան է»։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը հետևում այդ ամենին, Դավիթ Ավետիսյանը պատասխանեց․ «Ինձ համար զարմանալի էր, որ այդքան բանից հետո ասում էր՝ եթե կուզես, արի իրար հետ խոսենք։ Ասացի՝ դու չես այն մարդը, ում հետ պիտի խոսեմ, դու զգույշ եղիր։ Այն, որ ներկայացնում են սպառնալիք, ես իրեն չեմ սպառնացել։ Սպառնալիք կլիներ այն, որ ես հենց անեի այն, ինչ ասացի, իսկ դա ժողովուրդն է անելու, կամ հենց իր տերերը։ Ասել եմ բառերը, հետո իմ ձեռքերից բռնել էին երկու թիկնապահները, ասաց՝ արի խոսենք, ասացի՝ դու չես այն մարդը, գոռացի, զգուշացրի, այդ ժամանակ պառկեցրին ինձ»։

Հարցին՝ ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ ուժ, բռնություն գործադրվե՞լ է, Դավիթ Ավետիսյանը պատասխանեց․ «Սիրալիր են վերաբերվել։ Համակարգն արդեն կաղում է։ Նաև դրա արտացոլանքն էր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31