Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանի այն արտահայտությունը, որ ԱՄՆ-Ն հավատացած է, թե Արցախի հայերը կարող են անվտանգ և խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում, ծայրահեղ մտահոգիչ է և անընդունելի. «Վերադարձ դեպի Քարվաճառ»

Հուլիս 05,2023 10:16

Մենք` Արցախի բռնազավթված շրջաններից, ինչպես նաև` Ադրբեջանական ԽՍՀ տարածքից տեղահանված բնակիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստագույնս դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթինա Քվինի վերջերս արած հայտարարություններն Արցախի բնակչության և ՀՀ սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Դեսպանի այն արտահայտությունը, որ ԱՄՆ-Ն հավատացած է, թե Արցախի հայերը կարող են անվտանգ և խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում, ծայրահեղ մտահոգիչ է և անընդունելի: Այդ արտահայտությունը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի իշխանությունների անկեղծությունը` Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերով մտահոգվածության առումով:

Ադրբեջանը ժառանգական բռնապետություն է` արմատացած հայատյացությամբ: Ադրբեջանը բարձրագույն, այդ թվում` երկրի ղեկավարի մակարդակով հայերի նկատմամբ օգտագործում է վիրավորական և ապամարդկայնացնող բառապաշար, կիրառում է բռնության և սպանությունների քաղաքականություն ազգությամբ հայ մարդկանց նկատմամբ, ստեղծում է հակամարդկային պայմաններ Արցախում ապրողների համար: Արդեն երկու հարյուր օրից ավելի է արգելափակված է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լիովին արգելում է պարենի, բուժամիջոցների և վառելիքի որևէ ներմուծումն Արցախ: Ադրբեջանը պարբերաբար արգելում է նաև Կարմիր խաչի մեքենաների ելումուտն Արցախ, իսկ դրանց տեղաշարժը թույլատրելու դեպքում էլ` խուզարկում է դրանք: Դա միջազգային իրավունքի կոպտագույն և աղաղակող խախտում է: Նման վարվելակերպ այս պահին դրսևորում են Թալիբանը և ԻՇԻՊ-ը. կազմակերպություններ, որոնք հենց նույն ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական:

Եւ առավել տարակուսական է, որ տիկին դեսպանն այդ արտահայտությունն անում է իր երկրի Անկախության օրվան նախորդող օրը: ԱՄՆ-ի անկախացումն ազատության և հակակայսերականության նշանակալի դրսևորում էր: Արդյոք տիկին դեսպանը համարո՞ւմ է, թե Նոր Անգլիայի վերաբնակիչները կարող էին անվտանգ և խաղաղ ապրել Բրիտանական կայսրության կազմում: Արդյոք տիկին դեսպանը հավատացա՞ծ է, թե Կոսովոյի ալբանացիները կարող են անվտանգ և խաղաղ ապրել Սերբիայի կազմում:

Մենք` Արցախի բռնազավթված տարածքներից և Ադրբեջանական ԽՍՀ տարածքից տեղահանված բնակիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներքո ստորագրյալ ներկայացուցիչներս վճռականորեն դեմ ենք արտահայտվում ցանկացած արտահայտության կամ գործողության, որն ուղղված է Արցախի բնակչության իրավունքների և ազատության դեմ:

Մենք թախանձաբար պնդում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը պաշտոնական պարզաբանմամբ հանդես գա դեսպանի այդ արտահայտությունների վերաբերյալ:

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

«Քարավան-88» ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ

«Ահազանգ» հայ փախստականների ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31