Որպես այդպիսին ոչ մեկն էլ արևից ալերգիա չունի, սակայն որոշ մարդիկ շատ զգայուն են արևի ճառագայթների տարատեսակների նկատմամբ և արևի տակ ժամանակ անցկացնելուց հետո կարող են ունենալ թեթև խնդիրներից մինչև լուրջ պրոբլեմներ։
«Արևային ալերգիայի» մի քանի տեսակներ կան, սակայն պոլիմորֆ լուսային ցանը, որը մաշկի աուտոիմունային վիճակ է, առավել շատ է հանդիպում։
Արևային ալերգիա համարվող այլ վիճակներն են եղնջացանը (կարմրավուն բծեր, որոնք սովորաբար առաջանում են արևի տակ գտնվելուց հետո կես ժամից 2 ժամ հետո), ակտինիկ պրուրիգոն (մաշկի բաց հատվածներում առաջացող ցան ու բշտիկներ, որոնք ուժեղ քոր են առաջացնում) և ֆոտոալերգիկ ռեակցիան (երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները փոփոխում են մաշկի վրա քսված դեղամիջոցների կամ այլ նյութերի քիմիական կազմը, և մարդու մոտ ալերգիկ ռեակցիա է առաջանում նոր՝ փոփոխված նյութի նկատմամբ)։
Ո՞րն է պոլիմորֆ լուսային ցանի առաջացման պատճառը
Մարդիկ, որոնց մոտ առաջանում է «արևային ալերգիայի» այս տեսակը, իմունային բջիջներ ունեն, որոնք ակտիվանում են արևի ճառագայթներից, և արդյունքում մաշկային ռեակցիա է զարգանում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Պոլիմորֆ լուսային ցանը կարող է ժառանգական խնդիր լինել և ավելի շատ է հանդիպում հյուսիսային շրջաններում բնակվող բաց գույնի մաշկ ունեցող կանանց շրջանում։ Կլիմայական տաք պայմաններում ապրող մարդկանց շրջանում այս խնդիրը տարածված չէ, քանի որ նրանք, պարբերաբար գտնվելով արևի ազդեցության ներքո, պակաս զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ։
Կարդացեք նաև
Ի՞նչ տեսք ունի պոլիմորֆ լուսային ցանը
Պոլիմորֆ լուսային ցանը կարող է հայտնվել արևի ուժեղ ազդեցությունից ժամեր կամ օրեր հետո՝ սովորաբար գարնանը կամ ամռան սկզբին՝ մարմնի բաց հատվածներում՝ ձեռքերին, պարանոցին և այլն։
Այդ ցանը մաշկի վրա դրսևորվում է կարմրավուն բծերի տեսքով, որոնք քոր են գալիս, այրում կամ ծակում են, սակայն սովորաբար հետքեր չեն թողնում։ Ավելի ծանր դեպքերում բծերն ընդգրկում են մարմնի ավելի շատ հատվածներ, ինչպես նաև կարող են կապված լինել այլ ախտանշանների հետ, որոնք են գլխացավը, ջերմության բարձրացումը, հոգնածությունը, զարկերակային ճնշման անկումը։
Այս տեսակի ցանն անցնում է 10 օրվա ընթացքում, և այդ շրջանում ցանկալի է խուսափել արևից։ Սովորաբար ցանի դրսևորման առաջին դեպքից հետո մաշկի վնասվածքները պակաս արտահայտիչ են լինում և գնալով նվազում են օրգանիզմի՝ արևի ազդեցությանը սովորելուն զուգահեռ։
Որո՞նք են արևային ալերգիայի կանխարգելման և բուժման մեթոդները
Արևային ալերգիայի կանխարգելման լավագույն տարբերակն արևի անմիջական ազդեցությունից խուսափելն է 10:00- 16:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև կարևոր է ճիշտ հագուստ ու գլխարկ կրելը, արևապաշտպան միջոցների օգտագործումը։
Եթե ցանն արդեն առաջացել է, մաշկի վնասված հատվածները բուժում են ստերոիդային քսուկներով, ծանր դեպքերում բժիշկը կարող է ստերոիդային դեղամիջոցների կարճ կուրս նշանակել։ Կարող է նշանակվել նաև իմունային պատասխանը նվազեցնող դեղորայք։
Հակահիստամինային դեղամիջոցները, որոնք սովորաբար օգտագործվում են ալերգիաների ժամանակ, կարող են նվազեցնել կարմրավուն բծերի առաջացման տևողությունը, ինչպես նաև բորբոքումը։
Պոլիմորֆ լուսային ցանի առաջացման կանխարգելմանը նպաստում են նաև լիկոպին ու բետա-կարոտին պարունակող սննդային հավելումները, որոնց օգտագործումը նույնպես պետք է համաձայնեցնել բժշկի հետ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Harvard Health