Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանն այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին խնդրեց համոզել, որ ճոպանուղին, որը իրենք նախաձեռնել են կառուցել, իսկապես անվտանգ տրանսպորտային միջոց է:
«Որովհետեւ, երբ ավտոբուսն է փչանում, մարդիկ իջնում են ավտոբուսից, մեկ այլ ավտոբուս են նստում: Իսկ ամենատարածված ֆոբիաներից մեկը աէրոֆոբիան է, ես պատկերացնում եմ՝ ինչ կզգա մարդը, եթե Աստված չտա, այդ կապսուլան օդում կախված մնա…համոզեք մեզ, որ դա անվտանգ է»,- նկատեց Երկանյանը:
Հարցին նախ պատասխանեց ճարտարապետության թեկնածու, Երեւանի ճոպանուղու հայեցակարգի հեղինակ Տելեմակ Անանյանը. «Այսօր հասանելի տվյալներով՝ վթար չի գրանցվել. եւ ծանր դեպք, ոնց պտտվում ենք միակ դեպքը Երեւանում է եղել, Նորքի ճոպանուղու հետ եւ միտում է մեջը եղել: Մասնավոր շահ հետապնդող եւ որոշ անձանց մասնակցությամբ, այն էլ հիսուն տարվա ժանգոտ, ԽՍՀՄ-ից մնացած մի զարհուրելի կտոր էր: Այսօր աշխարհի տարբեր քաղաքներում ներդրվում է այս համակարգը ու չկա վթար:
Ինչ վերաբերում է ֆոբիաներին՝ ֆոբիաները շատ են, կան սարդերից, փակ տարածություններից, ի՞նչ անենք վերելակներ չդնե՞նք բազմահարկ շենքերում, միջատներին վերացնե՞նք: Ով ֆոբիա ունի, թող չօգտվի: Ամեն դեպքում՝ սա բեռնաթափման լուրջ միջոց է, ալտերնատիվ տրանսպորտային համակարգ է, որը կոչված է թեթեւացնել քաղաքի ծանրաբեռնվածությունը: Ծրագրի նույնիսկ մասնակի ներդրումով լուրջ փոփոխություն տեղի կունենա»:
Կարդացեք նաև
Անանյանը նկատեց, որ վերջապես ավտոբուսները հասել են Երեւան բայց հիմա էլ վարորդ չեն գտնում, որովհետեւ ոչ մեկ այդ պատասխանատու աշխատանքը այդ աշխատավարձով չի ուզում կատարել: Ըստ նրա՝ իսկ ճոպանուղու դեպքում վարորդ էլ պետք չէ, ընդամենը մի օպերատոր, որը կարող է լինել երիտասարդ, ուսանող:
Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ ճոպանուղու աշխատանքի համար կարող է խնդիրներ առաջացնել քամին, բայց ճոպանուղին ունի ավտոմատ քամու ուժգնությունը ստուգելու համակարգ, երբ կանխատեսում է նման իրավիճակ, զգուշացում է լինում ու ճոպանուղին հասնում է տեղ ու կանգ է առնում, մարդիկ օդում չեն մնում կախված: Նրա խոսքով՝ էլեկտրականության խափանման դեպքում էլ գործում են գեներատորներ, որոնք ապահովության համար գործարկվում են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ