Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկավարից մնջախաղաց, հիմա էլ՝ ռեժիսոր

Հուլիս 05,2023 12:30

Հարցազրույց Կարեն Խաչատրյանի հետ

– Հարգարժան Կարեն, օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ձեր ռեժիսուրայով կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող, դրամատուրգ, սցենարիստ եւ ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Մայրը» հոգեբանական դրամայի պրեմիերան։ Տխուր պատմություն է. հերոսուհին իր երիտասարդությունը նվիրում է երեխաներին ու ամուսնուն, անցնում են տարիներ, երեխաները մեծանում են, հեռանում ծնողներից, իսկ մայրն էլ կորցնում է իր գոյության իմաստը։ Ի վերջո, ամուսինն էլ գնալով ավելի ու ավելի է փնտրում  տուն չվերադառնալու պատճառ։ Մոր միայնությունը ներկայացման գլխավոր թեման է։ Միայնակ մնալու ու որդու վերադարձի մշտական ակնկալիքով մայրը սկսում է հոգեկան անկում ապրել… ու հայտնվում է հոգեբուժարանում։ Գրողի այս ստեղծագործությունը, հատկապես մոր կերպարը, հագեցած է եւ դրամայով, եւ հումորով, եւ ողբերգությամբ։ Ասեք, խնդրեմ, ինչո՞ւ կանգ առաք հենց այս  պիեսի վրա։

– Կանգ առա երկար փնտրտուքից հետո։ Այդ ընթացքում ծանոթացա բազմաթիվ պիեսների։ Ինչո՞ւ կանգ առա, որովհետեւ մեր՝ հայկական իրականությունում, շատ են նման մայրերը։

Տեսարաններ «Մայրը» ներկայացումից

– Համակարծի՞ք եք բեմադրության հերոսուհու հետ, որն ինքնամոռաց ու անմնացորդ նվիրվում է ընտանիքին։

– Ոչ այդքան։ Մայրերն ընդհանրապես չպետք է մոռանան, որ առաջին հերթին կին են, որ լույս աշխարհ են բերել, այս պիեսի դեպքում՝ երկու երեխա եւ նրանց մշտապես իրենց մոտ չեն կարող պահել, վերջիվերջո երեխաները մեծանում են, նրանք էլ իրենց ուզած ձեւով են կյանքը տնօրինում։ Իհարկե, թե ես եւ թե մոր դերակատար, շնորհալի դերասանուհի Եվա Զաքարյանը, կերպարի նման վարքագծին համաձայն չէինք, բայց Եվան իսկապես մեծ աշխատանք տարավ իր կերպարը համոզիչ մատուցելու համար,  փորձերի ընթացքում երկուսով հոգեբանական վերլուծություններ էինք անում։ Այո, դերասանուհին փորձում էր արդարացնել իր կերպարը, հակառակ դեպքում՝ այն պարզապես չէր հաջողի։

«Շերանիկը»

– Այս գործը տարիներ առաջ «Ագորա» թատերախումբն է ներկայացրել «Գոյ» թատրոնում…

– Ես էլ եմ դիտել այդ ներկայացումը, բայց աղոտ եմ հիշում… Մեր դեպքում հանդիսատեսը բեմում էր։ Փորձել էինք նրան լիովին ներքաշել այս պատմության մեջ։ Ասացվածք կա, չէ՞. ուրիշի ընտանիքը մութ անտառ է, եւ մենք «քանդեցինք» տան պատերը, որ հանդիսատեսը առանց պատնեշի ներկա գտնվի այդ ընտանիքի դրամային։ Հոր դերակատարմամբ հանդես է գալիս Մարատ Խաչատրյանը, որդու՝ Դավիթ Բադասյանը, իսկ դստերը կերպավորում է Լաուրա Ստեփանյանը։

– Մեծ հաշվով ներկայացրել եք այն, ինչ գրված է, կրկնենք՝ տխուր պատմություն։ Հանդիսատեսը, ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղեց դրանից, բացի այն, որ տխուր հեռացավ։

– Չէի ասի տխուր, բայց հանդիսատեսը հեռացավ, միանշանակ՝ մտքերով, մտազբաղ… Վստահ եմ՝ այս պիեսը տալիս է երկար մտածելու առիթ, իսկ ընտանիք ունենալով հանդերձ լինել միայնակ, այս խնդիրը, միանշանակ, համամարդկային է, ժամանակակից։ Նման խնդիր կա նաեւ հայ ընտանիքներում։ Հանդիսատեսը ներկայացումը դիտելուց հետո, կրկնում եմ՝ եթե ոչ բարձրաձայն, ապա հաստատ իր ներսում վերլուծելու շատ բան կունենա, թեկուզ միայն ներկայացման վերջում հանդիսատեսին ուղղված մոր հետեւյալ միտքը. «Իրականում ինչի՞ համար էր այս ամենը»։ Կամ՝ մինչ այդ հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Չափազանց շատ սիրել արտահայտությունը ոչինչ չի նշանակում։ Չենք կարող չափազանց շատ սիրել։ Կամ սիրում ենք, կամ՝ չէ…»։ Ընդ որում, մայրն այդպես պատասխանում է որդու հանդիմանանքին՝ դու չես կարողանում առանց ինձ ապրել, ես քո շնչառությունն եմ, քո շունչը, դու ինձ չափազանց շատ ես սիրում…

– Կարեն, «Մայրը» Զելլերի բեմական եռերգության՝ «Մայրիկ»- «Հայրիկ»- «Որդի» առաջին մասն է։ Չե՞ք պատրաստվում հաջորդ երկու մասն էլ բեմադրել։

– Ես՝ ոչ։ Բայց տեղեկացնեմ, որ այս օրերին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթանում են եռերգության վերջին մասի՝ «Որդի» պիեսի փորձերը՝ Սաթէ Խաչատրյանի ռեժիսուրայով։

«Ոսկե ճուտիկը»

– Մեր դիտարկմամբ՝ հունիս ամսին Արտաշատի թատրոնը ներկայացրել է միայն ձեր բեմադրությունները։ Թատրոնի խաղացանկում են նաեւ ձեր ռեժիսուրայով Վլադիմիր Օռլովի «Ոսկե ճուտիկը» եւ Թումանյանի «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումները…

– «Մայրը» խաղացել ենք երկու անգամ, հաջորդ ներկայացումները նշանակված են հուլիսի 7-ին, 22-ին։ Հարցը հասկանալի է, բայց չեմ կարող հստակ պատասխանել։ Միայն նշեմ, որ թատրոնի խաղացանկում է 19 ներկայացում։ Գուցե պատահական է ստացվել, չգիտեմ…

– Անդրադառնանք նաեւ մինչեւ «Մայրը» իրականացրած ձեր տիկնիկային ներկայացումներին։ Գիտենք, որ 2022թ. «Ոսկե ճուտիկը» բարձր գնահատականի է արժանացել միջազգային փառատոնում։

– Դա Օրենբուրգում կայացած «Օրենբուրգսկի արբուզնիկ» միջազգային փառատոնն էր, որտեղ մասնակցում էին հիմնականում ռուսաստանյան թատրոնները։

«Բարեկենդանը»

– Երեւանում ցուցադրվել է ձեր «Բարեկենդանը»…

– Բացի Երեւանից, այն տարել ենք նաեւ մարզեր՝ Արմավիր, Գեղարքունիք եւ այլն։ Առաջիկայում նախատեսում ենք խաղալ նաեւ սահմանամերձ բնակավայրերում։

– Վերջին շրջանում ստացվում է այնպես, որ մենք հարցազրույցի ենք հրավիրում Ռուբեն Բաբայանի արվեստանոցում ուսում առած արվեստագետներին։ Փաստորեն՝ դուք էլ նրա հերթական շնորհալի սանն եք։

–  Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դեբյուտս 2009-ին էր՝ «Ոսկե ճուտիկը» բեմադրությամբ, 10 տարի անց բեմադրեցի երկրորդ ներկայացումը՝ Դենիս Սմիռնովի «Ոզնու մուշտակը»։ Հենց դրանից հետո հրավեր ստացա Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանից՝ ներկայացում իրականացնելու։ Ինչպես գիտեք, Արտաշատում տիկնիկային թատրոն դեռեւս չկա, իսկ Ամո Խարազյանի անվան թատրոնում գործում է նաեւ փոքր բեմ, որտեղ իրականացվում են տիկնիկային եւ էքսպերիմենտալ ներկայացումներ։


– Մենք ձեզ շատ ենք հանդիպել նաեւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնում։

– Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանելու տարիներին զուգահեռ սովորեցի նաեւ Ժիրայր Դադասյանի ղեկավարած մնջախաղի թատրոն-ստուդիայում, որից հետո աշխատանքի հրավեր ստացա եւ 6 տարի բեմ բարձրացա իբրեւ մնջախաղաց տարբեր ներկայացումներում։ Հիմա էլ դասավանդում եմ Երեւանի թատերական ինստիտուտում եւ Վանաձորի մասնաճյուղում։

– Իսկ մնջախաղից հեռանալու պատճառը կբարձրաձայնե՞ք։

– Պատճառը մեկն էր՝ ողնաշարի խնդիրը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31