Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մյուս կողմից էլ` եթե Արոս կա, բա ո՞ւր ա, եթե չկա, էլի ո՞ւր ա»

Հուլիս 05,2023 13:00

44-օրյա պատերազմում անհայտ կորածի մայրը երրորդ տարին է՝ նույն հարցն է տալիս

Արա Սենիկի Ավագյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 14-ին, Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Զինվորական ծառայությունն անցել է Տավուշի զորամասերից մեկում: Ծառայությունն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Երեւանում, ապա վերադարձել Սիսիան, 2012-ին ամուսնացել, իսկ 2013-ին պայմանագրային ծառայության մտել ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում: 2016-ին, Ջրվեժում վեցամսյա վերապատրաստումից հետո, ենթասպայի կոչումով, ծառայության է անցել Սիսիանի զորամասում որպես առաջին գումարտակի հակատանկային դասակի հրամանատար:

Արայի` վարձով բնակարանում ամեն ինչ Արայի մասին է ու Արայի շուրջը: Կինը` Մելինեն, պատմում է, որ մի տեսակ նմանություն է տեսնում իր եւ սկեսրոջ ընտանիքների ճակատագրում: Սկեսուրն էլ է շատ վաղ տարիքում կորցրել ամուսնուն, հետո ասում, որ Արան շատ նման է եղել հորը` աշխատող, ակտիվ, ճարպիկ, ոչ մի բանի առաջ չընկրկող: «Արան նվիրված զինվորական էր, շատ էր սիրում իր աշխատանքը, երբեք չի բողոքել, ծառայությունից էլ չէր սիրում տանը խոսել: Սրտացավ ու կարեկից ընկեր էր, հավատարիմ ընկերների մի խումբ ունեին` Նարեկ Հարությունյանը, Մարտին Գալստյանը, Գեւորգ Բաբաջանյանը, Գոռ Հովհաննիսյանը, Արայիկ (Մխո) Կիրակոսյանը, որ մշտապես միասին էին եւ իրար հասնող, իրարից տեղյակ: Արան հիանալի եղբայր էր, ծնողասեր զավակ»,-ասում է Մելինեն ու ցավով նշում, որ Արան իր առաջին աշխատավարձով հուղարկավորել է հորը…

Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր գիտի: Քառասուն տարուց ավելի թակել է համաքաղաքացիների դռները` նրանց հանձնած նամակների բովանդակությունը չիմանալով, բայց վստահ, որ նամակը սպասված լուր է, սրտեր կապող, հոգիներ ջերմացնող, հուսավառող առաքանի, ու իրեն լավ է զգացել մարդկանց տներ բարի լուրեր հասցնելու մտքից: Բայց ահա մոտենում է երրորդ տարին, ինչ 44-օրյա պատերազմում անհայտ կորած իր որդու մասին մի բարի լուրի, մի սրտամոքիչ խոսքի, մի ապրեցնող նամակի էլ ինքն է սպասում, իսկ լուր-նամակը չկա ու չկա: Միեւնույն է, հույսը չի կտրում, ու միակ բանը, որ հիմա իշխում է 68-ամյա մոր սրտում, մայրական հավատավոր հույսն է: Իսկ երբ հույսի թելը բարակում է, նրան հուսադրում է վաղամեռիկ ամուսնու անունը կրող իր անդրանիկ թոռը` 10-ամյա Սենիկը, ու նրա հավատի անշեջ կրակին անվերջ հույսի կրակներ ավելացնելով ապրեցնում` Արոն գա, իր երեխաների, իր ընտանիքի գլխին լինի, իր զավակներն էլ իր նման անհայր չմեծանան, հետո ինքը ինչ կլինի-կլինի:

Տիկին Ամալյան ասում է, որ պատշար ամուսնու մահից հետո շատ դժվարությամբ է մեծացրել երեք տղաներին` Արային, Աշոտին, Արշակին: Ծանր օրեր շատ են ունեցել, Արան, որ տան մեծն էր, շուտ է հոգսի տակ մտել, երբեմն մորը հանդիմանել է, թե ինչու է իրեն լույս աշխարհ բելել, որ չի կարողանալու կարգին պահել: «Արոս մեր առաջնեկն էր, շատ սպասված երեխա էր: Երբ կորցրեցի ամուսնուս, Արոս շուտ ընկավ հոգսի տակ, էն թվերին էլ ամեն ինչ կտրոնով էր, դժվար էի պահում երեխաներիս, ասում էի` թող վատ հագնվեն, բայց սոված չլինեն… Արոս նեղսրտում էր` ինձ չբերեիր, որ էսքան դժվար էինք ապրելու: Ասում էի` հայրդ 40 տարեկան էր, որ դու ծնվեցիր, բոլորիս ուրախությունն էիր, ինչի՞ ես նման բաներ ասում: Ես քեզ բերել եմ, որ լավ ապրես, լավ մարդ դառնաս, հո չեմ բերել, որ տանջվես: Բայց հիմա մենք ենք տանջվում: Էս անորոշ վիճակը անտանելի է… Մի կողմից հույս ենք փայփայում, որ մի տեղից դուրս կգա, եւ ուրախանում ենք, մյուս կողմից էլ` եթե Արոս կա, բա ո՞ւր ա, եթե չկա, էլի ո՞ւր ա: Թշնամուս էլ չեմ ցանկանա: Չեմ ուզի, որ թուրքի մոտ էլ գերի լինի, թուրքի ձեռքն ընկնողն արդեն կես մարդ է: Ես միամիտ մարդ չեմ, բայց մայրական սիրտս ասում է` ոչ գերու տերն ուրախանա, ոչ` անհայտի»,- ասում է մայրը:

2020-ի օգոստոսին Արան Հրահատի, Կարենի, Նարեկի հետ իջել էր դիրքերից, օգոստոսի 14-ին իրենց տանը նշել են Արոյի ծննդյան օրը. ո՞ւմ մտքով կանցներ, որ դա լինելու էր նրանց վերջին համատեղ խաղաղ եւ ուրախ հավաքը: Օգոստոսին նաեւ եղբոր` Աշոտի համար աղջկատեսի էին գնացել Անգեղակոթ գյուղ, որոշել սեպտեմբերի 27-ին նշադրեք անել, հոկտեմբերի 27-ին` հարսանիք: «Սեպտեմբերի 27-ին արդեն լսեցինք պատերազմի լուրը, սակայն նշանդրեքի օրը հնարավոր չէր փոխել: Արոն Սիսիանի դիրքերում էր, պնդեց, որ օրը չփոխենք, մարդիկ ծախս էին արել, բայց ինքը չկարողացավ մասնակցել արարողությանը: Նրա հագուստը ոնց տարել էի սկեսուրիս տուն, էդպես էլ ետ բերեցի: Հոկտեմբերի 4-ին գնացի Սիսիանի եկեղեցի, մոմ վառելու: Ակամայից շրջվեցի եւ նայեցի պանթեոնին: Էնքան տխուր էր պանթեոնը: Արոն զանգեց, երեխաներից, նշանդրեքից հարցրեց, ասացի` հարսանիք են ուզում, ասաց` էնքան մարդ ա զոհվում, թեւ եք բարձրացնելու պարե՞ք… Հոկտեմբերի 8-ին Արոն իջավ Սիսիանի դիրքերից: Սենը քնած էր, չհավատաց, որ հայրիկը եկել է, 4-ամյա Մարգարիտան կպավ հոր վզից, անընդհատ լաց էր լինում… Հենց դռների մոտ համբուրեցի Արոյի ձեռքը, ասացի` Ար, մի գնա, ասաց` ես չգնամ, մյուսը չգնա, գան հասնեն իմ էրեխեքի՞ն… Հոկտեմբերի 9-ին վերջին անգամ զանգեց, հարցրեց երեխաներից, ձայնի մեջ տագնապ կար: Երեկոյան գրեցի` Ար, վախենում եմ, գրեց` էրեխեքիս լավ կպահես, ամեն ինչ լավ ա լինելու… Աշոտն իր մեքենայով շատ երկար ուղեկցել էր Արոյենց ավտոմեքենաների շարասյունը, հետո մեզ պատմել, որ Արոն հաճախ է գլուխը շրջել, ետ նայել, իրեն խնդրել մեզ լավ նայի, առաջին արցախյանի մասնակից Ռուբիկ Մայիլյանին հարցրել` հոպար, որտե՞ղ ենք, ինչին Ռուբիկը պատասխանել է` շատ բան է փոխվել, չեմ կարող ասել… Հաջորդ օրն արդեն լսեցինք, որ աթս-ն պայթեցրել է նրանց ավտոշարասյունը»,- պատմում է 36-ամյա Մելինեն, հավելում, որ հոկտեմբերի 10-ին արդեն բոլոր հարազատները հավաքվել են սկեսրոջ տանը: Նույն օրը Աշոտը ազգականի հետ գնացել է Ստեփանակերտ, փնտրել բոլոր դիահերձարաններում: Հանդիպել են Արոյի գումարտակի` վիրավորում ստացած եւ փրկված միայն երեք զինվորներին, ցույց տվել նրա լուսանկարը, զինակիցները ճանաչել են նրան, բայց ոչինչ չեն հիշել…

«Երբ հոկտեմբերի 14-ին բերեցին Արոյի գումարտակից շաղատեցի Աշոտին ու Անուշավանին, հույս ունեինք, որ Արոն փրկվել է, նույնիսկ հուսադրող զանգ ստացանք, գերիներից մեկին նմանեցրինք նրան, բայց ամեն ինչ սուտ դուրս եկավ… Ահավոր օրեր էին, հերթով տղաներին բերում էին, Աշոտն ինձ չէր թողնում ոչ մեկի հուղարկավորությանը մասնակցեմ, հետո Հրահատին բերեցին, Արոս նրան շատ էր հավանում, ասում էր` Հրոն շատ ջիգյարով տղա է, նրա նմանը չկա, հետո բերեցին Արոյիս մյուս ընկերներին` Նարեկին, Մարտինին, հույսս լրիվ կտրեցի… Երբ Դնթ անալիզի պատասխանը բացասական եկավ, մտածեցինք` ուրեմն լավ է, Արոն մի տեղից դուրս կգա, Արոն ուրիշ էր, շատ զգույշ էր, զգոն, ցրված չէր, ամեն հարցում ուշադիր էր… Երբ Արոյին անհայտ ճանաչեցին, դա էլ հույս էր էլի… Աչքս նրա ճանապարհին է, ականջս` մի բարի լուրի, սպասում եմ, անվերջ սպասում…»,-ասում է Մելինեն, հավելում, որ անասելի դաժան բան է անորոշությունը, գոնե, աշխատանք գտներ, զբաղվեր, մտքերը ցրեր, տրամադրությունը փոխվեր, չտրվեր հուսահատության հորձանքին: Բայց եւ սփոփվում է իր երկու զավակներով, Արոյի եղբայրներով, սկեսրոջով, որ իրեն մենակ չեն թողնում: Վհատության եւ ցավի մեջ անգամ ինձ է շնորհակալություն հայտնում` գրեթե երեք տարի անց իր Արոյին հիշելու, նրա պատմությունը գրելու համար… Այսպիսին են մեծ սրտի եւ մեծ հոգու տեր մարդիկ, իրենք են քեզնից շնորհակալ… Թե չէ` առանց էդ մարդկանց կյանքը շատ անգույն ու անհամ կլիներ…

Սենը… Արայի առաջնեկ, մեծ ու խելացի աչքերով 10-ամյա Սենը յուրահատուկ տղա է, գիտի, որ քրոջ, մոր, տատի ապավենն է, երբեք, երբեք չի կորցնում հորը տեսնելու հույսը, ասում է` էնքան բան ունի նրան պատմելու: Ժամանակից շուտ մեծացավ Սենիկը. հուշատետր է պահում, գրում է հոր մասին, նրա հետ անվերջ երկխոսության, մենախոսության մեջ է, վիրավորանքից երբեմն ուզում է «սատկացնել» հասակակից-ընկերներին, երբ որեւէ մեկը, առանց հասկանալու, համարձակվում է ասել` քո պապան չկա: «Իմ պապան միշտ ինձ հետ է, ես դա զգում եմ, տեսնում, խոսում է ինձ հետ, քայլում է ինձ հետ, տուն է մտնում ինձ հետ… Պապան միշտ ինձ հետ է…»,- աներեր վստահությամբ ասում է խոշոր-խոշոր աչքերով Սենը:

Որտեղի՞ց այդ անպարփակ հույսը հարցիս պատասխանում է՝ «Որ նայում եմ պապայի նկարին, ինքը ժպտում ա, նայում ա ինձ, խոսում ա ինձ հետ, ես հավատս չեմ կորցնում… Պապան շատ լուրջ էր, շատ խելացի, օգնում էր ինձ` մաթեմատիկայի խնդիրները լուծել, բացատրում էր, ասում` դու էլ պետք ա սենց իմանաս… ուրիշ բան չեմ ուզում, մենակ կուզեմ գա, ինձ դա հերիք ա, երբ մաման էլ ա հույսը կորցնում, ես չեմ կորցնում, ինչքան պետք լինի՝ կսպասեմ… Ես մամային միշտ ասում եմ` հույսը չկորցնես: Ուզում եմ հայրիկս գա, ասի` եկա, տղաս: Ես էլ ասեմ` տեսա՞ք, որ ասում էի, չէիք հավատում… »,- ասում է Սենը` մի քիչ վիրավորված, որ իրեն անվերապահ չեն հավատում ու պատմում է, որ 2-րդ դպրոցում անցկացված ասմունքի մրցույթում արտասանել է իր ամենասիրած` Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, գրավել երկրորդ տեղ, ու խելացի հայացքով նայելով անչափ հետաքրքրությամբ իրեն լսող ու հիացմունքը չթաքցնող լրագրողիս` շեշտում իր ամենասիրած տողերը` «Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է», որովհետեւ Հայաստանն իր համար իր հայրիկն է:

Արայի գնալուց հետո Ավագյանների տանը շատ իրադարձություններ են կատարվել: Միջնեկ եղբորը` Աշոտին, երկու զավակ է ծնվել` Ամալյան ու Արան: Նորածին Արայի ծննդյան աչքալուսանքից դեռ քառասուն օր էլ չի անցել, եւ ընտանիքը հավատում է, որ փոքրիկ Արայի ոտնամուտով բացվել է նաեւ ավագ Արայի տունդարձի ճանապարհը, ու սպասում են, հավատով սպասում…

Արայի գնալուց հետո նրա դուստրը մեծացել է երեք տարով, ծովագույն, սիրուն աչուկներով 7-ամյա Մարգարիտան հիմա ամենից շատ մի բան է ուզում` հայրը գա, ինքը նրան նվիրի իր ձեռքով պատրաստած թղթե ծաղիկները, որի վրա գրված են հայրիկի ու մայրիկի անունները ու մի սիրող սրտիկ: Նրա անչափ խելացի, ուշիմ, խոշորակն, խոհեմ Սենը երեք տարով մեծացել է, դարձել ավելի լրջախոհ, տարիքից շուտ հասունացել, իր կյանքում ամեն ինչը կապում է հոր հետ, ամենավառ գույներով պատկերացնում այն պահը, որ հայրը մի օր, երբեւէ պիտի գա, բացի իրենց տան դուռը, ու ինքը նետվի հոր` այնքան կարոտած գիրկը: Սենի հավատին չհավատալն ուղղակի մեղք է, վիրավորանք, հույսին` քարով խփել: Ու տատը հավատում է Սենին, մայրը հավատում է Սենին, բոլորը հավատում են Սենին:

Ես էլ եմ հավատում Սենին ու մաղթում, որ իրենց տուն իմ հաջորդ այցի առիթը լինի նրա հոր` Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Արա Սենիկի Ավագյանի տունդարձի աչքալուսանքը…

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Ա». Սիսիանում դեռ կան 44-օրյա պատերազմում անհետ կորածներ: 3, 4, 5, տարբեր թվեր են նշվում:

«Առավոտ» օրաթերթ
04.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31