Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նախագահ Պուտինը պլան ունի՞

Հուլիս 05,2023 12:00

Ընդդիմացողներն ի՞նչ են առաջարկում պաշտոնական Երեւանին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնելու լուրը ստացվեց անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո կայացած բանակցություններից հետո: Ծրագրված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:

Այս այցը, վստահաբար, ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունները, եւ առայժմ չհամաձայնեցված թեմաները ընդհանուր հայտարարի բերելու նպատակ ունի: Իսկ որ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների դրական ելքի վրա Վաշինգտոնը ջանքեր է գործադրում` եւս ակնհայտ է:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ոգեւորությունը նկատելի էր: Նա Թվիթերում անցյալ շաբաթ նախ գրառում կատարեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցությունների մեկնարկին, նշելով. «Աջակցում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին տեւական եւ արժանապատիվ համաձայնության ուղղությամբ համատեղ աշխատանքում: Երկխոսությունն է կայուն խաղաղության բանալին»:

ԱՄՆ-ն խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, եւ Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում, նշել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Միացյալ Նահանգներին խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, եւ մենք կշարունակենք նրանց ամեն կերպ օգնել՝ այդ գործընթացն առաջ մղելու համար», – ասել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Երեւանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տեւած բանակցությունների ավարտին հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ – ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես հայտնեցին կողմերը` նաեւ փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվեցին Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։ Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջում էր դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

Սակայն ինտենսիվ բանակցություններն, այնուամենայնիվ, կայացան:

Ամփոփելով ամերիկյան բանակցությունները` պետքարտուղար Բլինքենը հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու: Նա խուսափեց մանրամասներ հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարեւոր եւ բարդ աշխատանքի համար, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը», – նշեց ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու: Բլինքենը կարեւորել էր բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական եւ ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ «Կարծում եմ՝ նաեւ հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման եւ համաձայնության հասնելու համար», – ասել էր պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Միրզոյան – Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն էին անցկացվել, որից հետո հայ – ադրբեջանական հանդիպումներն ակտիվացան: Հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Ակնհայտ է, որ Բլինքենի հովանու ներքո բանակցությունները հասել են կարեւոր փուլի, Վաշինգտոնից անգամ ակնարկում են համաձայնագիրն առաջիկա շաբաթներին կամ ամիսներին համաձայնեցնելու հնարավորությունների մասին: Մյուս կողմից, սակայն, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտում է, որ որքան կողմերը մոտենում են համաձայնության հասնելուն` գործընթացը բարդանում է, հետեւաբար, ամենաբարդ հարցերը թողնված են ապագային։

Հայտնի է`քանի դեռ ոչինչ համաձայնեցված չէ, ուրեմն, ձեռքբերված համաձայնությունները ինչ-ինչ հարցերում եւս ամուր հիմք չունեն, իսկ «սատանան», ինչպես ասում են` մանրուքներում է:

Այս ողջ գործընթացի մեջ, սակայն, կարեւոր է արձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման հարցում գոյություն ունի Արեւմուտքի պլանը, անկախ նրանից, այն որքան կբանակցվի: Հայաստանի եւ Արցախի այն ուժերը, որոնք ընդդիմանում են այդ բանակցություններին, պետք է հանրությանը բացատրեն` Արեւմուտքի տարբերակից հրաժարվելու նրանց հորդորը նշանակում է, որ նրանք կոչ են անում ընդունե՞լ ռուսական պլանը: Բայց կարգավորման ռուսական պլան գոյություն ունի՞…

Իսկ եթե նրանց հորդորը նշանակում է` հետամուտ լինել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը, չշեղվել ռուսական պայմանավորվածություններից, ապա կողմերից երկուսը գրեթե 3 տարի է՝ այդ պայմանագրի կետերը չեն իրագործում: Հետեւաբար` ինչպե՞ս վարվել, ի՞նչ են առաջարկում նրանք պաշտոնական Երեւանին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31