Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության «անհաջողության պատմությունը»

Հուլիս 05,2023 13:30

Եվ լուծումը «վատ տղաներին» «լավ տղաներով» փոխարինելու մեջ չի

Հեղափոխությունները միշտ հույսեր են արթնացնում զանգվածների մեջ. հեղափոխականների խոստումները արձագանք են գտնում քաղաքացիների սրտերում: Օրինակ, ասվում է՝ «Հիմա մենք հրաժեշտ կտանք անիծյալ անցյալին, կձեւավորենք նոր մարդուն, նոր բանակ, նոր դպրոց, նոր դատարաններ»։ Խոստումների եւ դրանց հիման վրա ձեւավորված սպասելիքների «վերջին դեպքը» աչքներիս առաջ է՝ դա 2018 թվականի հեղափոխության «անհաջողության պատմությունն» է։ Ըստ վերջին հեղափոխական պատումների՝ նախորդ իշխանությունները կոռուպցիոներներ էին, մտածում էին միայն իրենց ստամոքսների եւ աթոռների մասին, հիմա նրանց տեղը կգան գաղափարական նվիրյալներ, որոնք ապրելու են մեկ սենյականոց բնակարաններում մի կտոր չոր հացով եւ օրը 24 ժամ նվիրվելու են պայծառ ապագայի կերտմանը։ Բացի այդ՝ առաջ ընդդիմադիրներին բանտերն էին նետում, իսկ հիմա ծաղկելու է ժողովրդավարությունը՝ ով կուզի, ինչպես կուզի կքննադատի իշխանավորներին։

Նման ռոմանտիկ պատկերացումները, որպես կանոն, փշրվում են դառը իրականության հետ հանդիպելով։ Այդպես եղավ նաեւ այս անգամ: Շատ արագ պարզվեց, որ «նորերը» ճիշտ նույն ձեւով հակված են շքեղ մեքենաներ եւ առանձնատներ ունենալուն, նրանք ճիշտ «հների» նման ցանկանում են պետության հաշվին շրջագայել եւ «շոփինգներով» զբաղվել։ Նրանք նույնպես ունեն իրենց սիրելի օլիգարխները, որոնց հասնում են պետական պատվերների համեղ պատառները։ Նրանք ճիշտ նույն ձեւով կառչում են իրենց աթոռներից եւ հետապնդում են ընդդիմախոսներին։ Իրավապահ մարմինները շարունակում եմ մնալ քաղաքական իշխանության գրպանում, իսկ դատարանների գլխին կարգված է յուրահատուկ «Չեկա»-ն՝ ի դեմս ԲԴԽ-ի, որպեսզի դատարանները հանկարծ ինքնուրույն չդառնան։ Քաղմասերում շարունակում են մարդկանց ծեծել եւ (որպես «նորամուծություն») ծեծում են նաեւ փաստաբաններին։

Ո՞րն է պատճառը, որ խոստացած բարեփոխումները իրականացնել չի հաջողվում։ Պարզունակ բացատրությունն այն է, որ «Սերժի վախտ» իշխանության գլխին էին «վատ տղաները», իսկ հետո նրանց եկան փոխարինելու նույնքան «վատ տղաներ»։ Եվ այդ պատրանքի դեպքում հույս կա, որ նրանց տեղը վերջապես կգան «լավ տղաներ», որոնց չեն հետաքրքրում գեդոնիստական հաճույքները, եւ այդ նվիրյալներն իրենց համեստությամբ եւ ժուժկալությամբ կփրկեն երկիրը։

Սակայն դրանք սին հույսեր են: Նոր համակարգը չի առաջանում ֆանատիկների հերոսական ջաքերով. անգամ եթե նման անձնուրաց մարդիկ ինչ-որ հրաշքով հայտնվեն քաղաքական ասպարեզում։ Այդ համակարգը ստեղծվում է հասարակական նոր պահանջմունքներով («ներքեւից») եւ մյուս կողմից՝ նոր գաղափարներով («վերեւի»), եւ «վերեւն» ու «ներքեւը» պետք է իրար «հանդիպեն» ու իրար հետ փոխադարձ կերպով պայմանավորվեն։

Հայաստանի պարագայում ո՛չ հեղափոխությունը, ո՛չ էլ պալատական, ռազմական կամ որեւէ այլ հեղաշրջում ցանկալի փոփոխությունների չեն բերի։ Կլինեն միայն անցանկալի կամ, ինչպես տեսանք, աղետալի հետեւանքներ։ Այդպես եղավ 2018 թվականի հեղափոխության պարագայում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31