Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի համակերպվում նախորդ տարի Ալավերդի խոշորացված համայնքում արձանագրած իր պարտության հետ եւ խոչընդոտում է ժողովրդի կողմից ընտրված համայնքապետի աշխատանքներին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մարզային մակարդակով իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել աշխատանքներին։ Մասնավորապես, վերջերս օրենքի խախտումով ստուգումներ են նախաձեռնել համայնքում, փորձում են ինչ-որ չարաշահումներ գտնել։ Բնական է, որ ինչ-որ լուրջ խնդիրներ չկան, առավել եւս, որ օրենքին չեն տիրապետում … Ցավում եմ, որ ընտրությունների արդյունքներով, ժողովրդի վստահության քվեն ստացած համայնքապետի ու քաղաքական ուժի նկատմամբ նման գործելաոճ է, սակայն մենք շարունակում ենք մեր աշխատանքները։ Մեզ համար զարմանալի չէ, որովհետեւ բազմիցս ականատես ենք եղել տարբեր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրում, պարտությունից հետո փորձում է խոչընդոտել համայնքի զարգացմանը: Այսօր էլ մեր հիմնադրամի կողմից Ալավերդուն ավտոբուսներ ենք նվիրել, մեր զարգացման ծրագրերը շարունակվում են, շարժվում ենք առաջ»:
Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակիցների, ղեկավար կազմի կողմից են ճնշումներ: Նրանք, ըստ Առաքելյանի, հորդորում են համայնքապետին հրաժարական տալ, հակառակ դեպքում ստուգումներ, քրեական գործեր կլինեն: Առաքելյանի խոսքով, եթե նման գործելաոճը շարունակվի, այդ փաստերը կներկայացվեն իրավապահներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ