«Այդ ի՞նչ էիք անում ԲԴԽ-ի նիստի ժամանակ, որ անհրաժեշտ էր «մեղադրյալին» հեռացնել դահլիճից և սպառնալ, թե եթե չհեռանա, ուժով եք հեռացնելու։ Սա ընտրովի գործընթաց է, սա դառնալու է շատ ավելի մեծ խայտառակ գործողությունների սկիզբը»,- անդրադառնալով ԲԴԽ-ի երեկվա նիստին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու հավելեց, թե եթե դիմադրություն չլինի, դա լուրջ խնդիրներ է առաջացնելու։
Իրավապաշտպանը խոսեց նաև թմրանյութերի տարածման թեմայից։ Նրա համոզմամբ՝ թմրանյութի վաճառքը միշտ հովանավորվել է արդարադատության համակարգի կառույցի բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի կողմից։
«Ո՞վ է դրա «կռիշան», ինչ-որ մեկը պիտի կանգնած լինի դրա թիկունքին։ Հնարավոր չէ տոննայով թմրանյութ անցկացնել, և ոչ մեկը դրա մասին չիմանա»,- ասում է նա։
Կարապետյանցը կասկածելի համարեց նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ քրեական գործերը։ Նրա համար հասկանալի չէ, թե մեղադրյալն ու համապատասխան իրավապահ մարմինն «ինչի շուրջ են բարեխոսում կամ պայմանավորվում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արդեն Ռուսաստանի կառավարմանը հանձնված հայկական երկաթուղուն՝ ասում է՝ ՀՀ իշխանություններն անգամ չեն կարողանում ավարտին հասցնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործը և պարզել, թե այնտեղ ինչ է կատարվել։
«Մենք այնքան ենք կորցրել մեր սուվերենությունը, որ ուրիշ երկրի ԱԳ նախարարը՝ Սերգեյ Լավրովն իրեն թույլ է տալիս ասել, թե լավ մտածեք, երբ ռուսական կապիտալով ընկերությունների նկատմամբ քրեական գործեր եք հարուցում»,- հավելեց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։