Լրահոս
Օրվա լրահոսը

Խցանումների, տրանսպորտային իրարանցման լուծումը հենց ճոպանուղին է. Մանե Թանդիլյան

Հուլիս 04,2023 23:10

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ հանդիպման ժամանակ այսօր պրոֆեսոր Միքայել Միքայելյանը հետաքրքրվեց՝որքան է արժենալու ճոպանուղու համակարգի կառուցման ծրագիրը: Նա նաեւ նկատեց, որ ենթադրում է՝ ճոպանուղու կառուցումն անհամեմատ ավելի էժան կլինի, քան` մետրոն, ապա հարցրեց՝ արդյոք ճոպանուղու ծրագիրն իրականացնելիս հրաժարվելու են մետրոյի հետագա գծերը շարունակելու մտադրությունից:

Ի պատասխան Մանե Թանդիլյանն ասաց. «Մեկ կայան կառուցելը 2 միլիոն դոլարի չափ գումար է, մեկ աշտարակ կառուցելը՝ 200.000 դոլարի չափ է, այդ խցերը՝ մոտավորապես 30-50.000 դոլարի չափ: Մենք խոսում ենք 94 կանգառի մասին, 77 կմ երկարության, 0,7ամեն մեկի թռիչքը: Այս թվերը ձեզ ասում եմ, որ իմանաք, որ հաշվարկը կապ ունի սրանցից…բայց նախնական տվյալներով՝ այս 94 կանգառը, մոտավորապես 100-ի չափ խցերն ու աշտարակները, մեր մոտավոր հաշվարկով գալիս է մինչեւ 50 միլիոն դոլար: Հիշեցնեմ բաց աղբյուրներից, որ Աջափնյակի մետրոն, միայն այդ մի կայարանը 50 միլիոն եվրոյի չափ էր, իսկ ես խոսում եմ ամբողջ ցանցի մասին, որը ծածկելու է ամբողջ Երեւանը: Այո՛, սա արդյունավետ է, տնտեսապես ավելի ձեռնտու է ու պիտի լինի մատչելի»:

Ինչ վերաբերում է մետրոյի հետագա գծերը շարունակելու մտադրությունից հնարավոր հրաժարմանը վերաբերող պրոֆեսորի հարցին, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք մետրոյի արդյունավետությունը փակ, կլոր շղթայի պարագայում: Որովհետեւ մետրոն նախկինում հենց այդպես է նախագծած եղել, որ այն պետք է լինի փակ շղթայով, կլոր: Հիմա այն կլոր չէ: Եվ Աջափնյակը ընդամենը մի կայարան է, եւս մի քանի կայարան նախատեսված է եղել: Ահա այդ պարագայում մետրոն կարող է դառնալ տնտեսապես ձեռնտու ու արդյունավետ: Մենք նաեւ Զվարթնոց օդանավակայանից մոնոռելսի նախագիծ ենք իրականացրել, որով պետք է հասնենք Չարբախի մետրո, այդտեղից մետրոյով շարունակենք մեր երթեւեկությունը»:

Տիկին Թանդիլյանը նկատեց, որ խցանումների, տրանսպորտային իրարանցման լուծումը հենց ճոպանուղին է, բայց մետրոյի ամբողջ շղթան ծածկելու հնարավորությունն էլ են նախատեսելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31