«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն են տոն տալիս այլ երկրների ներկայացուցիչներին արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ապրելու վերաբերյալ խոսակցություններին:
Նա, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությանը, թե արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, ասաց. «Հունիսի 15-ից ի վեր Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է, 120.000 արցախցի այնտեղ ապրում է առանց հումանիտար որեւէ բեռ ստանալու, առանց առաջնային ապրանքներ ստանալու հնարավորության: Այս ամենի ֆոնին խոսել այն մասին, որ արցախցին կարող է որեւէ ձեւաչափով ադրբեջանական վերահսկողության տակ ապրել, նշանակում է չտիրապետել իրավիճակին, որովհետեւ արցախյան հերոսամարտն ու պայքարը սկսվել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքում հայերի գոյության անհնարինության պայմաններում: Եվ այն ջարդերը, որոնք նախադեպ են եղել պայքարի, այն իրավիճակի, որը հետագայում է ստեղծվել, մենք տեսնում ենք, որ հայերը, արցախցիները պայքարել են Արցախում ապրելու իրավունքի համար: Հետեւաբար, գալ ու նույն ձեւաչափով առաջարկներ անել, նշանակում է չիմանալ ղարաբաղյան շարժման նախապատմությունը: Այս համատեքստում՝ ես ցավում եմ, որ այսօրվա իշխանությունների հռետորաբանությունից ու արձակած թեզերից է բխում միջազգային հանրության եւ մնացած պետությունների դիրքորոշումը: Ակնհայտ է, որ տոն տվողը, թեման բացողը Հայաստանի իշխանություններն են, հետեւաբար այլ բան ակնկալել այլ տերությունների դեսպաններից, դժվար է»:
Մանե Թանդիլյանը նկատեց, որ Արցախում բնակչությունը դիմակայում է զրկանքներին, որովհետեւ տոկուն է. «Դա ապացուցեցին արդեն այս ամիսների ընթացքում շրջափակման մեջ ապրելով ու պայքարելով: Ակնհայտ է, որ ժողովուրդը միասնական է պայքարելու հարցում: Այստեղ հարցեր են առաջացնում տեղի իշխանությունների դիրքորոշումը, հնչեցված մտքերը, որոնք կարող են տարակուսանքի տեղիք տալ հանրության շրջանում: Բայց այն, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել միջազգային ձեւաչափով, պարզ է յուրաքանչյուրին: Միջազգային հանրության ձեւաչափը, որն ընդունելի կլինի այդ երկխոսության համատեքստում, դեռեւս քննարկման առարկա պետք է դառնա, եւ սա որպես նախապայման որեւէ բան անելուց առաջ: Արցախի ժողովուրդը ամուր ոտքի վրա կանգնած է.. իմ հույսը հենց Արցախի ժողովուրդն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ