«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ՝ Երևանում կկառուցվի քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ։
«Այն նախագիծը, որ մենք ենք ներկայացնելու, մոտավորապես 3,5 տարվա ընթացքում իրականություն դառնալու նախահաշվարկով է իրականացվում»,- այսօր քաղաքացիների հետ հանդիպմանը նախքան նախագիծը ներկայացնելը լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Ինչքանով է հավանական ճոպանուղու համակարգի կառուցումը հարցին, Մանե Թանդիլյանն ասաց՝ լիովին հավանական է, քանի որ իրենք են անում. «ճոպանուղու փորձառությունը մենք արդեն Հայաստանում ունենք՝ Տաթեւերը, այդ փառահեղ ճոպանուղին, որը կառուցվել է Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ: Սա ցույց է տալիս դրա իրատեսական լինելը: Ճոպանուղին ժամանակակից քաղաքներում լուծում է տրանսպորտային խնդիրները»:
Տիկին Թանդիլյանի խոսքով, ճոպանուղին կարճ ժամանակում է կառուցվում, կայանագծերը նույնպես կարող են կարճ ժամանակում կառուցվել՝ 6-10 ամսվա ընթացքում: Երթուղին, ըստ նրա, ունենալու է 7 գիծ, այն հիմնականում կապելու է կենտրոնը ծայրամասին. «Սա լինելու է տրանսպորտային համակարգի մաս, ինչը նշանակում է լինելու է մեր բոլոր հայրենակիցների օգտագործման համար»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում տիկին Թանդիլյանը նաեւ անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությանը, թե արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում:
«Հունիսի 15-ից ի վեր Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է, 120.000 արցախցի այնտեղ ապրում է առանց հումանիտար որեւէ բեռ ստանալու, առանց առաջնային ապրանքներ ստանալու հնարավորության: Այս ամենի ֆոնին խոսել այն մասին, որ արցախցին կարող է որեւէ ձեւաչափով ադրբեջանական վերահսկողության տակ ապրել, նշանակում է չտիրապետել իրավիճակին… ես ցավում եմ, որ այսօրվա իշխանությունների հռետորաբանությունից է բխում միջազգային հանրության եւ մնացած պետությունների դիրքորոշումը»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ