2022 թվականի սեպտեմբերի 14-ին Սյունիքի պաշտպանական մարտերում զոհված Արման Ծատուրյանի հարազատները, բարեկամներն ու ընկերներն այսօր այցելեցին Եռաբլուր փառքի պանթեոն՝ շնորհավորելու ռեկորդակիր հրետանավորի ծննդյան 20-ամյակը։
Հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված իր հազարավոր տարեկիցների նման Արմանը կարճ կենսագրություն ունեցավ, սակայն նրան ճանաչողները անթիվ ջերմ հիշողություններ ունեն նրա մասին։ Արմենի հորեղբայրը՝ Արարատ Ծատուրյանը, մեր հետ զրույցում կարճ խոսեց, բայց այդ մի քանի բառերը բնութագրեցին զինվորի մարդկային, հայ տեսակը։ «Արմանը իմ աչքի առաջ է մեծացել։ Դաստիարակվել է մի ընտանիքում, որտեղ հայրենիքը վեր է ամեն ինչից։ Դեռ դպրոցական էր, երբ արդեն ձեւակերպել էր ապրելու իր արժեհամակարգը։ Մի անգամ ասաց․»Առանց ընտանիք չկա հայրենիք, իսկ առանց հայրենիք չկա ընտանիք»։ Ու այդպես էլ ապրեց իր կարճ, բայց իմաստալից կյանքը»։
Արմեն Անտոնյանը, որը Արարատ Ծատուրյանի 33 տարվա մարտական ընկերն է եւ Ծատուրյանների մտերիմներից, պատմեց․ «Մենք մարտական ընկերներով հաճախ ենք հավաքվում։ Դե, պատերազմով անցած տղամարդիկ հիմնականում վերհիշում են իրենց անցած մարտական ուղին, կորցրած զինակից ընկերներին, հայրենասիրական եւ ֆիդայական երգեր են երգում։ Մի խոսքով, ասես, վերապրում են պատերազմական օրերը։ Ու հետաքրքիր էր, որ Արմանը այդ ամբողջ ընթացքում հորեղբոր ու նրա մարտական ընկերների մոտ էր լինում, մեր հետ հավասար երգում էր այդ երգերը։
Կարդացեք նաև
Նա հպարտ էր, որ Արցախը ազատագրված է եւ երազում էր Հայաստանը ծովից-ծով տեսնել։ Մենք հատկապես 44-օրյա պատերազմից հետո նեղված էինք, բայց նա շարունակում էր երազել, վստահ էր, որ անպայման ծովից-ծով Հայաստանը տեսնելու է ու առանց երկմտելու գնում էր իր երազանքի հետեւից։ Սեպտեմբերյան պատերազմը դրա վկայությունն է։ Արմանը ծառայում էր Սիսիանում։ Հրամանատարն է մեզ պատմել, որ վեց ամսվա ծառայող Արմանը իր «կյանքը կերել է»՝ անընդհատ դիմելով, որ իրեն ու իր հրանոթը ժամ առաջ տանեն մարտական դիրքեր։ Արմանը լավ հրետանավոր է եղել։ Անգամ Զինուժ ծրագրով են ասել, որ Արմանի հրանոթով մեկ րոպեում հնարավոր է երեք, լավագույն դեպքում հինգ-վեց կրակոց արձակել։Բայց Արմանը ռեկորդ է սահմանել, ութ կրակոց է իրականացրել։ Նրա զինվոր ընկերները պատմում են, որ վերջում եղել է մի պահ, երբ Արմանը բոլորին խրամատ է ուղարկել ու ինքը միայնակ է հրանոթը եւ լիցքավորել եւ կրակել։ Իսկ ամենավերջին կրակոցը, որ արել է, եղել է գլխին չարաբաստիկ միակ բեկորային մահացու վնասվածքն ստանալուց ակնթարթ անց, երբ մահանալով ընկնելուց ձգանը ձեռքում է պահել։ Ու հրանոթն այդպես արձակել է Արմանի ուղարկած վերջին արկը»։
Ծանր է հարազատների վիշտը։ Բայց նրանց մի հարց է հետաքրքրում, թե թշնամին ի՞նչ գործ ուներ Սիսիանում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ