Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը հասարակության համախմբումն է, համախմբումը՝ ոչ թե անձի շուրջ, այլ՝ գաղափարի. Նարինե Աղաբալյան. «Ապառաժ»

Հուլիս 04,2023 18:50

Նորաստեղծ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերջերս սկսել է  իր հանդիպումները Արցախի տարբեր համայնքներում։

Շարժման ծավալած գործունեության և ապագա անելիքների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանել է շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը։

— Տիկին Աղաբալյան, նորաստեղծ շարժումը շատ արագ հանրային վայելում ստացավ։ Ի՞նչ է  այն, ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել ու ի՞նչ առաքելություն ունի։

— Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հանրային շարժում է, որը կազմավորվել է վերջերս, սակայն դրան նախորդել են երկարատև  քննարկումներ։ Շուրջ 3 ամիս այդ քննարկումներին մասնակցել են 100-ից ավել քաղաքացիներ՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես անհատներ` Ռ. Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և ընդհանրապես Արցախի շուրջ զարգացումները քննարկելու և ճշտելու մեր անելիքները։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է Արցախի ապագայի տեսլականը՝ «Արցախ – 2035» տեսլականը, իսկ նախաձեռնող խումբը  ձեռնարկել է հանրային շարժման ստեղծումը։ Հունիսի 1-ին տեղի է ունեցել ճակատի հիմնադիր ժողովը և շուրջ 140 քաղաքացիներ, ովքեր մասնակցել են ժողովին, ընտրել են խորհուրդ, խորհուրդն էլ ընտրել է ճակատի ղեկավար մարմին՝ գործադիր կոմիտե։ Ներկայումս իրականացվում է նաև տեղական մարմինների ձևավորման գործընթացը: Այսինքն՝ սա մի շարժում է, որն իր համար նպատակ է հռչակել՝ Արցախը  պահել Ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական, սահմանել այն բոլոր կարմիր գծերը, հենասյուները և ռեսուրսները, որոնք միասին պետք է աշխատեն այդ նպատակին հասնելու համար։

— Արդեն հասցրել եք հանդիպումներ ունենալ մի շարք համայնքներում։ Ինչպիսի՞ն է հասարակության արձագանքը շրջաններում։

— Հետաքրքրությունը մեծ է հանրության կողմից, ինչը նշանակում է, որ  մարդիկ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և Արցախի շուրջ, ու շահագրգռված են, որպեսզի համախմբվեն ճակատի կողմից նշված գաղափարի շուրջ։ Հենց սա է ճակատի նպատակը՝ համախմբել բոլոր կարող ուժերին։ Մեր հանդիպումներն ապացուցում են, որ մարդիկ սպասում են նման նախաձեռնության և պատրաստ են միանալ նախաձեռնությանը, կոնկրետ գործողությունների մասնակցել, կոնկրետ քայլեր անել այս իրավիճակից ելքեր գտնելու համար։ Մենք, հաշվի առնելով  վերջին օրերին ստեղծված իրավիճակը, մի քիչ հետաձգել ենք մեր հաջորդ հանդիպումները, քանի որ կա վառելիքի խնդիր, սակայն այդ հանդիպումները շարունակվում են Ստեփանակերտում. առաջին իսկ հնարավորության դեպքում մենք շարունակելու ենք  հանդիպումները բոլոր համայնքներում ու ստեղծելու ենք ճակատի տեղական մարմիններ, որպեսզի կարողանանք ավելի համակարգված աշխատել։

— Հանդիպել եք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Համընկնո՞ւմ են արդյոք ճակատի կողմից նշված կարմիր գծերն ու մոտեցումները իշխանությունների մոտեցումների հետ։

— Ճակատի խորհրդի անդամները հանդիպել են ԱՀ նախագահի հետ, որին նախորդել է նամակ՝ ուղղված նախագահին,  որում ճակատը իր անհամաձայնությունն է հայտնել՝ առ այն, որ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնելու համար կառավարությունը թույլտվություն էր տվել. վերջին օրերին միկրոավտոբուսներով էին մարդկանց տեղափոխում: Ճակատի խորհուրդը ներկայացրել է իր անհամաձայնությունը այդ կարմիր գիծը խախտելու վերաբերյալ, պնդել, որ կառավարությունը վերանայի իր այս որոշումը, որովհետև մենք համարում ենք, որ ՀՀ-ի հետ առանց որևէ խոչընդոտի կապը մեզ համար կարմիր գիծ է  և այն հատել չի կարելի։ Իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան այդ անցակետը ապամոնտաժելու վերաբերյալ և դրա մասին բարձրաձայնեն։ Այդ հանդիպմանը խորհրդի անդամները պնդել են, որ այսուհետ ևս կառավարության բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են լինելու այդ կարմիր գծերը հատելուն և Արցախը տանելու են Ադրբեջանին բռնակցման, ճակատի կողմից արժանանալու են դատապարտման և համապատասխան արձագանքի։

-Ճակատը մի քանի անգամ հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, որոնք նաև ՀՀ իշխանություններին են ուղղված։ Ձեր կարծիքով՝ այդ հայտարարությունները քաղաքական իմաստով ծառայո՞ւմ են իրենց նպատակին, և ինչպիսի՞ ազդեցություն են թողնում հետագա գործընթացների վրա։

-Հայտարարությունը նախ և առաջ Ճակատի դիրքորոշման բարձրաձայնումն է։ Մենք կարևոր ենք համարում յուրաքանչյուր առանցքային խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշման հնչեցումը, որը և պահանջում ենք ԱՀ իշխանություններից։ ԱՀ իշխանությունները պետք է հստակ խոսեն իրենց դիրքորոշումների մասին, և այն  պետք է լինի միասնական ու բխի միայն ու միայն ԱՀ շահերից։  Այս դիտանկյունում՝ համարում ենք, որ նպատակին հասնում են հայտարարությունները, որովհետև ՀՀ-ում, Սփյուռքում, միջազգային կառույցների կողմից պիտի հստակ լինի, թե ի՞նչ է ուզում Արցախի ժողովուրդը։ Այս հայտարարություններով նախ և առաջ այդ դիրքորոշումն ենք բարձրաձայնում և ակնկալում ենք համարժեք քայլեր հասցեատերերի կողմից։

— Ճակատի անվանումից  հասկանալի է դառնում, որ շարժման նպատակներից է նաև Արցախի զարգացումը։ Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում։

— Տեսլականը, որը մշակվել է Ճակատի կողմից, հստակ սահմանում է մեր գործողությունները, այդ թվում և՝ զարգացման ուղղությամբ, և քանի որ կա հստակ ձևակերպված նպատակ, ուստի բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ նպատակին։ Դրանք մի կողմից մեր մարտահրավերներին են ուղղված, մյուս կողմից՝ զարգացմանը: Քանի որ տեսլականը սահմանում է «Արցախ – 2035» ծրագիրը, ուստի պիտի բոլոր ուղղություններով մշակվեն ճանապարհային քարտեզներ, որոնք ցույց կտան, թե մինչև 2035թ. մենք ինչպես ենք տեսնում մեր ապագան։  Դրանք ապագային ուղղված քայլեր են, իսկ դա նշանակում է՝ ոչ միայն անվտանգություն, այլ նաև՝ զարգացում։ Ճակատը իր ծրագրերն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը տարածքային զարգացման հիմնադրամ»-ի միջոցով, որն իր ստեղծման օրից Արցախում իրականացրել է շուրջ 1 միլիարդ դրամի ծրագրեր, այդ թվում՝ ուղղված պարենային անվտանգության ապահովմանը, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը: Կրթական ծրագրեր են իրականացվում, որը նույնպես ուղղված է զարգացմանը։

— Այս իրավիճակից դուրս գալու համար որո՞նք են, ըստ ձեզ, առաջնային քայլերը։

-Հանդիպումներից պարզ դարձավ, որ մարդկանց մոտ պայքարելու կամք կա, և սա շատ կարևոր է։ Առաջինը  հասարակության համախմբումն է,  համախմբումը՝ ոչ թե անձի շուրջ, այլ՝ գաղափարի, այսինքն՝ մեր հայրենիքը փրկելու, այս իրավիճակից դուրս գալու և Ադրբեջանի՝ Արցախի հայաթափման և բռնակցման ծրագիրը չեղարկելու գաղափարի շուրջ։ Շատ կարևոր է նաև իշխանության միասնական դիրքորոշումը։ Օրինակ, վերջին օրերին, ճանապարհի լրիվ փակմամբ պայմանավորված, երբ հումանիտար բեռներ էլ չեն ներկրվում, իշխանության տարբեր ճյուղերի կամ նույնիսկ նույն ճյուղի տարբեր ներկայացուցիչների կողմից իրար հակասող հայտարարություններ են հնչում, ինչը կարող է խուճապային տրամադրություն ստեղծել Արցախում, և սա շատ վտանգավոր է։ Կարևոր է, որպեսզի ունենանք կառավարության ու իշխանության թափանցիկ գործելաոճ։ Ժողովրդին պետք է ճիշտ ներկայացվի իրավիճակը և միջոցներ ձեռնարկվեն ստեղծված իրավիճակում թե կենսապահովման և թե անվտանգության խնդիրները լուծելու համար։  Դրան զուգահեռ պետք է ուժեղացվի ճնշումը արտերկրում ու աշխարհով մեկ, հուժկու ալիք բարձրացվի՝ ի պաշտպանություն Արցախի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31