Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Լեհաստանի Սեյմի մարշալեկին

Հուլիս 04,2023 18:32

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության եւ վերաբերմունքի համար:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում հասցեական արձագանքներ:

Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջեւ չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: Խոսելով ժողովրդավարական արժեքներից՝ նա կարեւորել է ժողովրդի հանդեպ հաշվետվողականությունը՝ ընդգծելով նաեւ միջազգային գործընկերներին վերաբերող դիրքորոշումները: Այս համատեքստում Լեհաստանի Սեյմի մարշալեկը կարծիք է հայտնել հետագա համագործակցության բազմոլորտ ընդլայնման վերաբերյալ: Անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին՝ Էլժբիետա Վիտեկը նշել է, որ լեհերն անկախ քաղաքական հայացքներից եւ տարաձայնություններից՝ մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի եւ հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրի ժողովրդավարության զարգացման եւ խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31