Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիր իշխանության կամակատարի, դատական իշխանությունը զավթվում է»․ Գոհար Մելոյան

Հուլիս 04,2023 17:47

Այսօր ունենք սահմանադրականության հետընթաց, ճգնաժամ։ Այս մասին «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը (լուսանկարում)։

«Սահմանադրականությունը դա լավ Սահմանադրությունը չէ, լավ գրված փաստաթուղթը չէ։ Այսօր ունենք վերջին 5 տարիների ընթացքում ակնհայտ փաստերի վրա հիմնված հետընթաց Սահմանադրությունից, սահմանադրական մշակույթից։ Սահմանադրականությունը Սահմանադրության կյանքի կոչված հիմնարար դրույթներն են, այսինքն՝ թղթին գրված նորմերի իրացումը կյանքում։ Իսկ ի՞նչ ունենք այսօր, ինչպիսի՞ն է իրականությունը հատկապես վերջին 5 տարիների ընթացքում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկրի գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվեց օրենսդիր մարմինը։ Այսինքն՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը բացահայտորեն ոտնահարվեց եւ անհետեւանք։ Դրան հաջորեց կրկին գործադիր իշխանության կողմից դատական իշխանության՝ դատարանների շրջափակման կոչը։ Կրկին անհետեւանք՝ այդ կոչը հնչեցնող պաշտոնատար անձի համար։ Այնուհետեւ տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, երբ գործադիր իշխանությունը մեկ ուժից էր բաղկացած՝ առանց կոալիցիոն կառավարության, ունեցանք աննախադեպ իրավիճակ, երբ օրենսդիր մարմինը կազմված էր մեկ ուժից եւ միանձնյա հնարավորություն ուներ ընդունել ցանկացած իրավական ակտ, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություն։ Այնուհետեւ դրան հաջորդեցին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ հետապնդումները, որն ամփոփվեց հակասահմանադրական ու ապօրինի սահմանադրական փոփոխությամբ։ Եվ, ինչպես կանխատեսվում էր, հերթը դատական իշխանությանն է, ի դեմս այն դատավորների, որոնք չեն ենթարկվելու գործող իշխանությանը»,- ասաց Մելոյանը։

Մասնագետի խոսքով՝ այսօր խորհրդարանը՝ օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիր իշխանության կամակատարի։ «Երբ իշխանության թեւերը միաձուլվում են, վերանում է իշխանության տարանջատման, զսպման եւ հակակշռման մեխանիզմը։ Այս իրավիճակը հարիր է ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին»,- հավելեց Գոհար Մելոյանը։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն վերածվել է դատավորներին ճնշող մահակի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ «Չպետք է մոռանանք, որ դատավորը պետք է գործի իր սկզբունքին, խղճին ու օրենքին համահունչ ու համապատասխան։ Եվ այդպիսի դատավորներն այսօր հեռացվում են դատական համակարգից։ Դատական իշխանությունը երրորդ իշխանության ճյուղն է, որը զավթվում է»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31