Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 5-ին Գյումրիում տեղի է ունենալու Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ։ Համահայկական ամառային խաղերը սկսվելու է շքերթով, որը կազմակերպվելու է օլիմպիական խաղերի ձևաչափով։ Շքերթը վարելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Համահայկական 8-րդ ամառային խաղերի շքերթի ու կամավորների գծով պատասխանատու Սևակ Կարապետյանը մանրամասնեց․ «Երկրները մենք չենք ներկայացնում, այլ ամեն մի երկիր ներկայացնում է ինչ-որ մի երիտասարդ աղջիկ։ Օրինակ՝ Համահայկական 8-րդ ամառային խաղերի մայրաքաղաքն այս պարագայում Գյումրին է, Գյումրին ունենալու է իր կամավորը, որը դիմացից քայլելով՝ ներկայացնելու է քաղաքը, իր հետևից էլ քայլելու են պատվիրակ մարզիկները։ Նույն սկզբունքով բոլոր երկրներն են ներկայացվելու, որքան երկիր որ ներգրավված լինի։ Կամավորների դերակատարումը հենց դա է»։
Նա նաև տեղեկացրեց, որ Համահայկական ամառային խաղերին մասնակցելու ամենաշատ հայտեր ստացել են Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներից։ Երկրորդ տեղում Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցներն են։ Հայտերի ընդունման ժամկետը չի ավարտվել։ Կազմակերպիչները հույս ունեն, որ կընդգրկվեն նաև նոր երկրներ։
Կարդացեք նաև
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական կենտրոնի ղեկավար Աննա Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ հսկայածավալ աշխատանքներ են ընթանում․ մոտ 15 հազար հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից, ներկա կգտնվեն խաղերին։
«Եթե ակնկալում ենք 5500 կամ մինչև 6000 մասնակից, նրանց ուղեկցում են պատվիրակները, ծնողները, հարազատները, ընկերները, դրսից հյուրեր, ապա պիտի սպասել մոտ 15 հազար մասնակցի։ Նախորդ խաղերի փորձն էլ ցույց տվեց, որ մոտավորապես 10 հազար մարդ լինում է։ Բոլորի հետ անհատապես աշխատելու ենք, որը հսկայածավալ աշխատանք է»,- ասաց Աննա Վարդանյանը։
Մեր հարցին՝ Գյումրին ինչպե՞ս է տեղավորելու այդքան հյուրերի, որտե՞ղ են մնալու, երբ հյուրանոցների պակաս կա, պատրա՞ստ է քաղաքը նրանց դիմավորելու, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այդ հարցը, բնականաբար, մարզային ու քաղաքային իշխանության հետ քննարկվել է, և Գյումրիում խոստացել են գյումրեցուն վայել հյուրասիրությամբ և թասիբով դիմավորել։
Այո՛, ասել են, որ կկարողանան այդքան հյուրերի ընդունել։ Իրականում հյուրանոցների, գիշերակացների հետ կապված Գյումրին խնդիր ունի, բայց Գյումրիից Երևան 1,5 ժամ ճանապարհ է, ոչ բոլոր պատվիրակությունները կմնան Գյումրիում։ Երևան, մարզեր, բոլոր տեղերում ընդգրկված են։ Իսկ նրանք, ովքեր մնալու են Գյումրիում, նրանց խոստացել են տեղավորել։ Կտեղավորեն, եթե 2019 թվականին տեղավորեցին Ստեփանակերտում, այստեղ էլ կտեղավորեն։
Կարծում եմ՝ խնդիր չի լինի, կամավոր մասնակիցներն այնքան ոգևորված են, ասում են՝ նույնիսկ վրաններում ենք պատրաստ մնալ»։
Կազմակերպիչները խաղերի հանդիսավոր բացմանը ներկայացվող շոուի մասին մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով, որ դրանք անակնկալ են։
Կա ստեղծագործական խումբ, որը զբաղվում է այս հարցերով, ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, դիզայները Բագրատ Դիվանյանն է, որը նախորդ խաղերում ևս ընդգրկված է եղել։
«Մեր մասնակիցները տեսել են, ճանաչում են, նրա ճաշակին արդեն վստահում են, այս աշխատանքների պրոդյուսերը Վիրաբյան Տիգրանն է, որը դարձյալ փորձ ունի մասսայական միջոցառումների կազմակերպման»,-ասաց Աննա Վարդանյանը։
Նա նշեց՝ Համահայկական խաղերի գաղափարը միասնությունն է, հետևաբար թեման, կարգախոսը հայրենիք-Սփյուռք կապն է, մեր միասնությունը։
Մարզաձևերն այս տարի 17-ից դարձել են 19-ը, ավելացել են կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի