Լրահոս
Օրվա լրահոսը

«2018 թվականին, երբ այս արհավիրքը տեղի ունեցավ Հայաստանում, մենք արդեն ունեինք բավական ամուր դատական իշխանություն»․ Ռուբեն Մելիքյան

Հուլիս 04,2023 17:19

Հայաստանը երբեք չի ունեցել որակյալ դատական իշխանություն կամ դատական համակարգ։ Այս մասին «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Մենք 5000 տարի ենք ասում, երբեք չենք ունեցել անկախ ու որակյալ դատական իշխանություն, Հայկի ու Բելի ժամանակ չենք ունեցել, Արտաշիսյան ժամանակ չենք ունեցել։ Այն աղբյուրները, որոնք ունենք՝ Մխիթար Գոշի ժամանակ, դրանից առաջ, մենք տեսնում ենք, որ այնտեղ նկարագրված է դատական մարմինների շատ վատ վիճակ»,- ասաց նա։ Ըստ փաստաբանի՝ ԽՍՀՄ ուժեղ կողմը եւս դատական համակարգը չէր։

«Չեմ կարող կոնկրետ ասել, որովհետեւ չեմ ուզում շատ հստակ քաղաքական ուժերի հետ կապվի, բայց ակնհայտ է, որ առնվազն ոչ ուշ, քան 2013-2014 թվականներին՝ արդեն իսկ մեր դատական իշխանությունը սկսեց ընկալվել որպես որակյալ դատական իշխանություն։ Այսինքն՝ նոր մարդիկ եկան, նոր ոճ բերեցին։ Փաստաբանները հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ սկսեցին վստահությամբ վերաբերվել դատարաններին։ Եվ 2018 թվականին, երբ այս արհավիրքը տեղի ունեցավ Հայաստանում, մենք արդեն ունեինք բավական ամուր դատական իշխանություն։ Եթե մի 3-4 տարի էլ այդ արհավիրքն ուշ լիներ, գուցե գործընթացներն արդեն անշրջելի դառնային։ Այսօր մենք արձանագրում ենք, որ Տիտանիկի պես անցավ ջրի տակ այդ ամենը»,- ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի երեկվա որոշումը խայտառակ որոշում էր։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մենք կարող ենք շատ լավ ձեւակերպումներ ունենալ, բայց դրանք ոչինչ են, եթե դատարանները չեն պաշտպանում իրավական արժեքները։ «Մենք կարող ենք շատ վատ ոստիկանություն ունենալ, վատ դատախազություն ու քննչական մարմիններ ունենալ, բայց դա լուծելի է, եթե մեր դատարանները լավն են եւ կարող են մարդուն պաշտպանել այդ մարմինների ապօրինություններից։ Առանցքը դատարաններն են, եւ մենք տեսնում ենք, որ այն երկրները հաջողություն ունեն, որոնք կարողացել են ժամանակին նաեւ զարգացնել արդարադատության մարմինները, դրանց դերը, աշխատել են այդ ինստիտուտների վրա»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31