Բուժհիմնարկները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել և ամեն կերպ խոչընդոտներ են առաջացնում, ընդ որում և՛ բժիշկները, և՛ բուժհաստատությունների ղեկավարությունը: Այս մասին այսօր ասաց «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության (Արմեդ) գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանը՝ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում կայացած Թվային առողջության սատելիտային սիմպոզիումի ընթացքում: Նրա գնահատմամբ, բժիշկները շատ պահպանողական են և չեն ցանկանում թղթից հրաժարվել, ուստի տարբեր լծակներ ու գործիքներ են կիրառում, որպեսզի առողջապահության համակարգն ամբողջությամբ թվայնացվի, օրինակ՝ պետպատվերը պարտադիր էլեկտրոնային եղանակով պետք է ամրացվի:
«Ցանկացած գործողություն, որը կատարվում է բուժառուի նկատմամբ. լինի՝ լաբորատոր հետազոտություն, լինի՝ գործիքային հետազոտություն, լինի՝ դեղորայքային բուժում, ուղեգիր, թե՝ վիրահատություն, պետք է ամրագրվի էլեկտրոնային տեսքով, պետք է ֆիքսվի Արմեդ համակարգում, որպեսզի քաղաքացին իր առողջության մասին տիրապետի ամբողջական ինֆորմացիայի»,-ասաց Ավետ Մանուկյանը և հավելեց,- «Մենք մի մեծ խնդրի առջև ենք կանգնում, երբ բժշկին փորձում ենք համոզել, օրինակ` ֆիզիկական զննում պրոցեդուրան լրացնել էլեկտրոնային եղանակով, այդ զննումը բժիշկները մինչ օրս գրիչով՝ թղթային տարբերակում են լրացնում: Շատ դժվար է բժիշկներին համոզել էլեկտրոնային եղանակով լրացնել տվյալները, այնինչ մենք հատուկ ֆորմաներ են մշակել, որտեղ ընդամենը մի քլիքի միջոցով կարող է ավտոմատ հավաքել և վերջում ամբողջական տպել ֆիզիկական զննության արդյունքը»:
Արմեդի տնօրենի փոխանցմամբ, ներկայումս 547 բուժհաստատություն է միացած Արմեդ համակարգին, որն ընդգրկում է բոլոր պոլիկլինիկաները, բժշկական կենտրոնները, բոլոր 6 ապահովագրական ընկերությունները, շտապ բուժօգնության ծառայությունը, առողջապահության գործակալությունը, որոշակի դանդաղում է ատամնաբուժարանների ու դիագնոստիկ կենտրոնների մուտքը: «Խնդիրն այն է, որ ոչ միայն միանան համակարգին, այլ նաև ապահովեն տեղեկատվությունը, օրինակ՝ բուժառուների բոլոր այցերն արտացոլված լինեն համակարգում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բուժհաստատության ադմինիստրացիան հետևողական լինի, որպեսզի բժիշկների կողմից տեղեկատվությունը պատշաճ ձևով, ըստ նախարարության կողմից հաստատված գործելակարգի և էլեկտրոնային ֆորմաների, մուտքագրվի Արմեդ համակարգ։ Երկրորդ, բժշկի կողմից հետաքրքրվածություն, շահագրգռվածություն լինի այդ աշխատանքն ապահովելու և վերջինը, որ քաղաքացիների կողմից ապահովվի հետադարձ կապը և վերահսկի, որպեսզի իր նկատմամբ իրականացված ցանկացած բժշկական գործողություն արտացոլվի Արմեդ համակարգում»,-լրագրողների հետ զրույցում շեշտեց Մանուկյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ