Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի իրավասություն՝ ինքնուրույն որոշելու Հայաստանի տարածքների հարցը»․ Արամ Օրբելյան

Հուլիս 04,2023 16:55

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երեք արժեքային տարրերով առանձնացրել է Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից։ Այս մասին «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ Սահմանադրությունն ուղղակիորեն նախատեսել է Հայաստանի ու Արցախի վերամիավորումը՝ որպես նպատակ, մյուսը՝ հղում է արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործի հետեւողական լինելուն, երրորդը, որով ՀՀ-ն տարբերվում է շատ այլ երկրներից՝ Հայ Առաքելական եկեղեցու հատուկ դերակատարումն է։

Ըստ նրա՝ երբ խոսում ենք Հայաստանի տարածքները փոփոխելու մասին, Սահմանադրությամբ հստակ ու ուղղակիորեն այդ հարցը տրված է ժողովրդին՝ որպես իշխանության առաջնային կրողի։ «Բայց մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ կան լիքը հարցեր։ Որտեղ պետական մարմիններն ունեն լիազորություններ, չեն իրականացնում, պատասխանատվությունն իրենց վրայից գցում են, եւ այդ ֆունդամենտալ հարցում, որտեղ չունեն իրավասություն, որոշում են կայացնում։ Այսինքն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի իրավասություն՝ ինքնուրույն որոշելու Հայաստանի տարածքների հարցը, բայց ասում է՝ դե ես քաղաքական պատասխանատվությունը չեմ ուզում ուրիշների վրա գցեմ, ես ինքնուրույն որոշում կընդունեմ։ Եթե մենք պաշտպանենք մեր Սահմանադրությունն այնպես, ինչպես պետք է, այսինքն՝ արժեքները պաշտպանենք, թույլ չտանք դրա խախտումները, խախտումներին տանք արձագանք, չհանդուրժենք այդ խախտումների արդյունքում ձեւավորված գործընթացները․․․ Այսինքն՝ պետք է հասկանանք, որ Սահմանադրության ցանկացած խախտում հանում է ՀՀ պետականության եւս մեկ քար այդ պատի միջից։ Մենք պետք է ավելի լավ ընկալենք, թե ինչ է կարգավորում Սահմանադրությունը եւ դադարենք բացառապես քննադատել, թե այս Սահմանադրությունը Հայաստանի համար չէ»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ «Հայաքվե» նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հետամուտ լինել Սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմին։ «Որպեսզի Սահմանադրության երկու արժեքները պաշտպանենք, պետք է շատ հստակ մեսիջ հղենք, որ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվել չի կարելի, ժողովուրդը դեմ է սրան։ Երկրորդը, Արցախից հրաժարվելու հարցում եւս պետք է հստակ մեսիջ հղվի, որ ժողովուրդը չի տվել նման մանդատ»,- հավելեց նա։ Ըստ նրա՝ Սահմանադրությունն ասում է, որ 50 հազար քաղաքացի կարող է օրենքի նախագիծ ներկայացնել հատուկ գործընթացով, որն Ազգային ժողովը պարտավոր է քննարկել։ Եթե ԱԺ-ն չքվեարկի, հնարավորություն կա եւս 300 հազար ստորագրություն հավաքել, դրանից հետո հարցը դրվում է հանրաքվեի։ Հանրաքվեով հարցը հաստատելուց հետո այդ օրենքը կարող է փոխվել է բացառապես հանրաքվեի միջոցով։

Նա հիշեցրեց, որ քննարկման առարկա է դարձել Քրեական օրենսգրքում երկու հոդված ավելացնելու նախագիծը։ Ըստ այդմ՝ հանցագործություն կհամարվի ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը։ Իսկ երկրորդ հոդվածը վերաբերում է Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը քրեականացնելուն։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31