Ադրբեջանը հայտարարել է Արցախի դեմ իրականացվելիք նոր՝ Վրեժ-3 գործողության մասին: «Ալիեւը կանխավ հայտարարում է բոլոր օպերացիաների մասին, այնպես որ՝ Վրեժ-3 գործողությունը մեզ համար պետք է որ նորություն չլինի: Այստեղ խնդիրն այն է, որ այս օպերացիան Ալիեւն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ»,- «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ 44-օրյա պատերազմի թիվ 1 մեղավորը եւ կազմակերպիչը հենց Նիկոլ Փաշինյանն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը սկսեց իր սեփական կետից, նաեւ հայտարարեց, որ ինչ ցանկանա, այն էլ կբանակցի: Դրանք բոլորն ԱԺ-ում իր ունեցած ելույթներն են, թե ԱԺ կուլիսներում, թե ԱԺ ամբիոնից: Վերջին ակորդը, որ ինքը Ադրբեջանին նախապատրաստեց մեր դեմ պատերազմի, միջազգային հանրության ձեռքերն էլ կապեց, որպեսզի վերջինս՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, չկարողանա արձագանքել, այն էր, որ 2019թ օգոստոսի սկզբին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Սա նշանակում էր, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից, որովհետեւ եթե հայտարարում ես՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ուրեմն էլ ոչինչ չունես բանակցելու… Փաստորեն, 44-օրյա պատերազմի սկիզբը եւ համաշխարհային հանրություն կոչվածի ամորֆ արձագանքը պայմանավորված էին այն հանգամանքով, որ Հայաստանը ինքն է դուրս եկել բանակցային գործընթացից, ինքն է խախտել ստատուս քվոն եւ թույլ է տվել, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա»,-հավելեց բանախոսը:
Գագիկ Համբարյանի խոսքով, մինչ այդ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները բավականին մեծ աշխատանք էին կատարել, որ թուլացնեին հայկական բանակը. «Որեւէ մեկը չի պատասխանում, թե Նիկոլի իշխանության գալուց մեկ-երկու շաբաթ հետո ինչն էր պատճառը, որ հայկական զինուժը դուրս բերվեց Նախիջեւանի հյուսիս-արեւելքից, 5 կմ երկարությամբ տարածքից, որտեղ ադրբեջանցիներն ամրացան եւ սկսեցին ռմբակոծել Արենի գյուղը: Երկրորդ՝ ոչ ոք չի պատասխանում, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը փոխեց զենքի գնման ծրագիրը… Ինչու գնվեցին մետաղի ջարդոնի կարգավիճակ ունեցող Սու-30 կործանիչները…120 միլիոն դոլար միայն այս 4 անպիտան Սու-երի վրա է ծախսվել:
Կարդացեք նաև
Մովսես Հակոբյանը՝ հայտնի Մոսին հայտարարեց, որ հույժ գաղտնի հրամանով կրճատվել է 5 գունդ հարավային ուղղությամբ: Հարավային ուղղություն ասելով հասկանում ենք, որ խոսքն Արցախի մասին է…Պատահակա՞ն էր, որ ադրբեջանական զինուժը հենց այդ ուղղությամբ ճեղքեց մեր պաշտպանությունը եւ շատ կարճ ժամանակահատվածում հայտնվեց Շուշիի մոտ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ