Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սասունյան. Փաշինյանի այցն Անկարա թուրք պաշտոնյաների կողմից օգտագործվում է Սփյուռքին խանգարելու համար

Հուլիս 04,2023 16:30

Լուրջ պատճառներ կան, թե ինչու աշխարհի բազմաթիվ հայեր բացասաբար արձագանքեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անխոհեմ որոշմանը՝ մասնակցելու Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը 2023 թվականի հունիսի 3-ին։

Նախ և առաջ՝ Փաշինյանին հարիր չէր մասնակցել Էրդողանի երդմնակալությանը, հատկապես որ դեռևս 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել էին հազարավոր հայ երիտասարդ զինվորների, և Թուրքիան հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ էր հավաքագրել Սիրիայից՝ Արցախի դեմ կռվելու համար։ Ավելին, Օսմանյան կայսրությունն իրականացրել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, որը թուրքական կառավարությունը դեռևս մեկ դար անց ժխտում է։

Երկրորդ, 2020 թվականի պատերազմից ի վեր Թուրքիան եղել է Ադրբեջանի ռազմական, տնտեսական և քաղաքական հավատարիմ դաշնակիցը։ Էրդողանը մի քանի անգամ այցելել է Ադրբեջան և Արցախ, այդ թվում՝ Շուշի՝ հանդես գալով հակահայկական հայտարարություններով։ Դեռևս հունիսի 13-ին Արցախ կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն է բացելու, ինչը «ուղերձ կլինի աշխարհին և հատկապես Հայաստանին»։ Էրդողանը նման այց էր կատարել 2021 թվականի հունիսի 15-ին, որի ընթացքում նա Ալիևի հետ միասին ստորագրեց Անկարա-Բաքու համատեղ «Շուշիի հռչակագիրը»: Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կհամագործակցի Ադրբեջանի հետ «Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցում»։ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտեց Էրդողանի և Ալիևի այցը Շուշի՝ հայտարարելով, որ «այս սադրիչ գործողությունները պարզորոշ ցույց են տալիս, որ Անկարայի և Բաքվի հայտարարությունները Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կեղծ են և ապակողմնորոշիչ»։

Երրորդ, Հայաստանն ու Թուրքիան վերջին մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են՝ բացելու իրենց ընդհանուր սահմանը «առանց որևէ նախապայմանի»։ Սակայն սահմանը դեռ փակ է, ինչը ցույց է տալիս սահմանը բացելու Թուրքիայի դժկամությունը, եթե Հայաստանը չկատարի որոշակի նախապայմաններ, ինչպիսիք են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը, Հայաստանից Նախիջևան «միջանցք» թույլ տալը և Երևանում ի պատիվ Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների վրիժառուների հուշարձանի քանդումը։ Թուրքիան անմիջապես արգելեց իր երկնքում հայկական թռիչքները և սպառնաց հետագա քայլերով, եթե հուշարձանը չքանդվի։

Չորրորդ, եթե Փաշինյանը բանիմաց խորհրդականներ ունենար, և լսեր նրանց, նրանք կառաջարկեին, որ ավելի խելամիտ կլինի, եթե Անկարայի երդմնակալությանը իրեն ներկայացնի մեկ այլ պաշտոնյա։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում մուրալը չի բխում Հայաստանի շահերից.

Այդուհանդերձ, վնասը հասցված է, և թուրք պաշտոնյաները բավականաչափ խորամանկ են՝ օգտվելու Փաշինյանի սխալ քայլից։

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը հունիսի 6-ին մի խորամանկ նամակ հղեց Կալիֆորնիայի նահանգային ժողովի և Սենատի անդամներին՝ արագորեն օգտվելով հունիսի 3-ին Անկարա կատարած Փաշինյանի այցից՝ վարկաբեկելու Կալիֆորնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների լոբբիստական ջանքերը։

Ահա հատվածներ թուրքական նամակից. «Գրում եմ ձեզ տեղեկացնելու հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացումների մասին, քանի որ տեղյակ եմ, որ դուք հետաքրքրված եք այս հարցում՝ հաշվի առնելով ձեր նախկին հայտարարությունները։ Անցած շաբաթավերջին պատմական պահ է նկատվել հայ-թուրքական ժամանակակից հարաբերություններում: Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո երդմնակալության արարողությանը։ Վարչապետի Անկարա կատարած այցի կապակցությամբ նախագահ Էրդողանը հանդիպել է հայ-թուրքական համայնքի նշանավոր անդամների, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանի հետ։ Կցում եմ այս այցի ընթացքում արված լուսանկարը, որտեղ պարոն Նախագահը երևում է իր հայ գործընկերոջ՝ պատրիարքի և հայ-թուրքական համայնքի այլ անդամների հետ»:

Այնուհետև թուրքական նամակում ասվում է. «Ես դա ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, քանի որ գիտակցում եմ, որ նման դրական զարգացումները հաճախ անտեսվում են: Փոխարենը, այստեղ՝ Լոս Անջելեսում և Կալիֆորնիայում, գերակշռում է իմ երկրի հանդեպ ատելության հռետորաբանությունը: Այս ասելով, ես հրավիրում եմ ձեզ մտածելու, թե արդյոք այն, ինչ ձեզ ասում են որոշ խմբեր այստեղ՝ Լոս Անջելեսում, համահունչ է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի իրականությանը, թե ոչ։ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները պատմական ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։ Խնդրում եմ աչք մի փակեք այս ջանքերի վրա»։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսն իր նամակը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Ուստի խնդրում եմ ձեզ այս փաստերը հաշվի առնել ապագայում, երբ դուք որևէ հայտարարություն կանեք կամ որոշում կընդունեք հայ-թուրքական հարցերի վերաբերյալ: Այս մոտեցումը շատ ավելի նպաստավոր կլինի հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը»:

Ի պատասխան արձագանքելու խնդրանքին՝ Հայաստանում անանուն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց. «Կատարյալ պատեհապաշտություն։ Դրական զարգացում ընդհանրապես չկա։ Բանակցությունները ոչ մի դրական արդյունք չեն տվել»։

Բարեբախտաբար, Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նամակը շատ քիչ ազդեցություն կունենա Կալիֆորնիայի օրենսդիրների վրա: Նա պարզապես գրում է այս նամակը, որպեսզի ցույց տա Անկարայում գտնվող իր շեֆերին, որ ինչ-որ աշխատանք է կատարում։ Կալիֆորնիայի օրենսդիրները չեն պատրաստվում օտարերկրյա դիվանագետի օձի լեզվի խոսքերը վեր դասել Կալիֆորնիայում գտնվող իրենց քաղաքացիների ցանկություններից:

Ենթադրում ենք, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը նմանատիպ նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին։ Աշխարհի տարբեր երկրների թուրք դիվանագետները, հավանաբար, նույն բանն են արել իրենց երկրներում:

Հայերը չեն կարող թուրք դիվանագետներին մեղադրել այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչը ձեռնտու է իրենց երկրին, քանի որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այս հնարավորությունն արծաթե սկուտեղի վրա հրամցրել է Թուրքիային․․․

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31