«Արցախի իշխանությունները մի տեղ ունեն դիմելու, դա Հայաստանի ղեկավարությունն է, Նիկոլ Փաշինյանն է: Արցախի իշխանությունները կարող են դիմել Պուտինին, Բայդենին, դա ոչ մի արդյունք չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախն Ադրբեջան է»,- այսօր «ՀայաՔվե»-ին միանալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հորդորելով ապահովել արցախցիների անվտանգությունը:
«Ես շատ հստակ փաստեր ունեմ ականատեսների, որոնք լսել են տարբեր խոսակցություններ, որոնք փաստում են այն, ինչ ասացի. այնքան ժամանակ, որ ՀՀ իշխանություններն ասում են՝ Ղարաբաղն Ադրբեջան է, այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել, ուստի Արայիկ Հարությունյանը մեկ տեղ ունի դիմելու՝ ՀՀ իշխանություններին»,-ասաց դիվանագետը:
Պատասխանելով հնարավոր պատերազմի մասին հարցին էլ, նա ասաց. «Եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանը շարունակի խոսել եւ իր խոսքին համարժեք քայլերով փորձի ձգձգել, շատ մեծ է պատերազմի հնարավորությունը: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս լռի, ամեն անցնող օր նվազելու է պատերազմի հնարավորությունը, եւ կարծում եմ, երկու ամսից զրոյական կլինի: Այն, ինչ այսօր արվում է, չի կարող կայուն խաղաղություն բերել: Սա կարող է ժամանակավոր՝ Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ խաղաղություն բերի: Այս լուծումը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ չի կարող խաղաղություն բերել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ