«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին», «Նիկոլ մարդասպան», «Ազատություն» վանկարկումներով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ անցկացվեց ի աջակցություն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բողոքի ցույց։
Բողոքի ցույցի մասնակիցները կրում էի Արմեն Աշոտյանի լուսանկարով շապիկներ։
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Արմեն Աշոտյանը կալանավորվեց երկու ամսով։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը հայտարարեց․ «Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով։ Բոլոր այն գործիչները, որոնց փորձում եք լռեցնել, սպանել, մենք նրանց փոխարեն բարձրաձայնում ենք այն իրականությունը, որը ձեզ է վերաբերում, որ դուք դավաճան ու թրքահպատակ եք»։
Կարդացեք նաև
Նա ՀՀ գլխավոր դատախազին խորհուրդ տվեց․ «Խորհուրդ եմ տալիս, որ չդառնաք Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում»։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերձյանն էլ հայտարարեց․ «Այսօր մենք ականատես ենք լինում՝ ինչպես դատական համակարգը խելոք ենթարկվում է գործող թրքահպատակ իշխանություններին։ Տիկին դատախազ, եթե ուզում եք՝ միամսյակի ընթացքում ստանաք նվեր, բարի եղեք, մտեք Արմեն Աշոտյանի էջը, որտեղ փաստեր կան, թե ինչպես է հանձնում այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը։ Այսօր որոշել եք իրականացնել այս իշխանության նազուտուզը, բայց մի բան լավ իմացեք՝ կին, թե տղամարդ բոլորն օրենքի առաջ հավասար են։ Երբ այս իշխանությունը հեռացվեց, բոլոր կամակատարները՝ բոլորդ պատասխան եք տալու»։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատեց․ «Ուշադրություն դարձրեք, թե Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո ինչ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում։ Փաստացի նրա ձերբակալման նույն օրը ադրբեջանցիները տոտալ բլոկադայի ենթարկեցին։ Բոլոր այն մարդիկ, որոնք Արցախը համարում են Ադրբեջան, դրանք այն մարդիկ են, որոնք վաղը իրենց ընտանիքների անդամներին հանձնելու են Ադրբեջանին։ Բոլոր այն մարդիկ, որոնք ծառայում են այս իշխանությանը, այդ բոլոր կառույցները ծառայում են մեկ նպատակի՝ Արցախի և Հայաստանի հանձնման։ Դատախազության, քննչականի, ոստիկանության ԱԱԾ-ի, դատական համակարգի, քաղաքական և մնացած բոլոր մարմինների այն ներկայացուցիչները, որոնք ծառայություն են մատուցում այս իշխանությանը, նրանք բոլորը հավասարապես կիսում են այս իշխանության դավաճանական կեցվածքը։ Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտի մարտիկներից է, նա իր կենսագրությամբ դա ապացուցել է, և այսօր այստեղ հավաքված մարդիկ ևս մեկ անգամ ասում են՝ պատրաստ են շարունակել, և այն քաղաքական գիծը, և այն քաղաքական կուրսը, որն իր մեջ կրում է Արմեն Աշոտյանը»։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ վստահեցրեց՝ այստեղ բանտարկվելուց վախեցող մարդ չկա։ Ու դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Դու լավ չես հասկացել, թե ում հետ գործ ունես։ Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ անազատության մեջ են, ոչ քեզնից, ոչ էլ քո կատարածուներից չեն վախենում։ Մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում։ Մեզ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի ի տարբերություն քեզ։ Մի հատ լավ նայիր այս մարդկանց ու մտածիր՝ երբ քեզ բանտարկելիս լինեն, մեկ հոգի կգա՞»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ