Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ-ն ազդակներ է հղում այլ դատարաններին, որ կարելի է հնչեղություն ունեցող գործերով նիստերին խոչընդոտել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ»․ Գեւորգ Թոսունյան

Հուլիս 04,2023 15:31

«Բարձրագույն դատական խորհուրդն ազդակներ է հղում այլ դատարաններին, որ կարելի է այս կերպ վարվել հնչեղություն ունեցող գործերով, եւ խոչընդոտել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։ Սա կարող է վատ նախադեպ լինել»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Սիվիլնեթի» լրագրող Գեւորգ Թոսունյանն՝ անդրադառնալով երեկ ԲԴԽ-ում լրագրողների՝ նիստերի դահլիճ մուտքի արգելքին։

ԲԴԽ-ն երեկ չորս դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հրապարակեց, որի ընթացքին լրագրողներին թույլ չտվեցին հետեւել։ Նիստը դռնբաց էր, սակայն կարգադրիչներն արգելեցին լրագրողներին մուտք գործել դահլիճ, պատճառաբանելով՝ դահլիճում տեղ չկա։

Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվեցին, լրագրողներին ասել էր՝ կարգադրիչներին, դատական դեպարտամենտի աշխատողներին նստեցրել են դահլիճում, ցույց տալու՝ նիստերի դահլիճը զբաղված է։
Գեւորգ Թոսունյանը, որը երեկ եւս լուսաբանել է նիստը, ասաց՝ լրագրողներից ոմանք ավելի շուտ էին գնացել դատարան, սակայն նրանց էլ թույլ չէին տվել մտնել դահլիճ։ Թոսունյանի կարծիքով՝ սա նախապես ծրագրած գործողություն է, քանի որ լրագրողների համար պատրաստել էին առանձին հատված, որպեսզի էկրանով հետեւեին ԲԴԽ-ի որոշման հրապարակմանը։

«Դատելով Դավիթ Հարությունյանի տեղեկություններից՝ այնտեղ եղել են կարգադրիչներ, ըստ ամենայնի, քաղաքացիական հագուստով, որպեսզի ապահովեն դահլիճի մարդաշատությունը»,-ասաց լրագրողը։

Լրագրողը վստահեցնում է՝ ԲԴԽ-ի մամուլի խոսնակին լրագրողները երեկ բազմաթիվ անգամ զանգահարել են, նամակներ ու հաղորդագրություններ ուղարկել, սակայն դրանք անպատասխան են մնացել, իսկ քանի որ ԲԴԽ խոսնակը սովորաբար արագ արձագանքում է, իսկ երեկ կապի դուրս չէր գալիս, ապա ենթադրվում է, որ լրագրողների գործունեության խոչընդոտման որոշումը կայացվել է ԲԴԽ ղեկավարի մակարդակով։

Նա հիշեցնում է, որ ԲԴԽ-ի 2019 թվականի որոշմամբ կարգավորվում են լրատվամիջոցների եւ ԲԴԽ-ի փոխհարաբերությունները, ամրագրվում է, որ լրագրողն առանց խոչընդոտի իրավունք ունի ներկա գտնվել դռնբաց նիստին․ «ԲԴԽ-ն խախտում է իր իսկ ընդունած որոշումը»։

Թոսունյանն ասաց, որ տվյալ դահլիճում առկա է նստարանների ընդամենը երկու շարք, եւ եթե ԲԴԽ-ն մտադիր էր լցնել դահլիճը նախապես, ապա դա խնդիր չէր։

Քննարկման մյուս մասնակիցը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց՝ նման իրավիճակներում միջազգային մոտեցումները հետեւյալն են՝ լրագրողների համար սահմանափակումներ կարող են մտցնել միայն երկու դեպքում՝ երբ անվտանգության ապահովման խնդիր կա եւ երբ տվյալ վայրում տեղերը բավարար չեն․ «Այս պարագայում եթե լեփ-լեցուն էր դահլիճը, ապա ԲԴԽ-ն պետք է հաշվի առներ, որ այս նիստը մեծ հետաքրքրություն է առաջացնում լրատվամիջոցների համար եւ կարող էին նախապես կարգավորել հարցը՝ նախ տեղ հատկացնել լրագրողներին»։

Ըստ Մելիքյանի՝ ԲԴԽ-ն հասկացել է, որ լրագրողներին առանձին սենյակ եւ մոնիտոր հատկացնելով հարցը չի լուծվում․ «Այդպիսի խնդիրներ խորհրդարանում եւ այլ պետական մարմիներում էլ են եղել։ Ցավոք, իշխանությունները, նաեւ՝ ԲԴԽ-ն, մինչեւ վերջ չի հաշվարկել եւ չի հասկացել, որ մի բան է, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետեւում են իրադարձությանը մոնիտորով, եւ այլ բան է, երբ սրահում են լինում։ Սրահում տեղի են ունենում բազմաթիվ այլ հետաքրքիր բաներ, ասենք՝ ինչ-որ մեկի արձագանքը, միջամտությունը, ռեպլիկը եւ այլն։ Երեւանի քաղաքապետարանում 2017 թվականին ծագել էր այդ խնդիրը, որը լուծվեց 2018-ին։ Լրագրողներին մի սենյակ էին տրամադրել, որպեսզի ուղղակի հետեւեն ավագանու նիստին։ Նախ՝ օպերատորների համար նկարահանումը բարդանում էր, լրագրողները պատնեշի էին հանդիպում, որը թույլ չէր տալիս ամբողջ մթնոլորտը լուսաբանել»։

Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ ԲԴԽ-ի այս արգելքը կարող է ազդակ դառնալ այլ դատարանների համար։

«Չեմ կարծում, որ ԲԴԽ-ն սրա համար որեւէ պատասխանատվություն կկրի, բայց նա պետք է տեսնի հանրության սուր քննադատությունը, առավել եւս՝ լրագրողական հանրության։ Կարծում եմ՝ ԲԴԽ նախագահը, քանի որ անցյալում առնչություն է ունեցել լրագրության հետ, պետք է լավ հասկանա ամեն ինչ եւ վերանայի իր մոտեցումը»։

Գեւորգ Թոսունյանն էլ հավելեց․ «Չեմ բացառում, որ որոշ լրագրողներ երբեմն կարող են ոչ պատշաճ իրենց դրսեւորեն, ԲԴԽ նախագահը պետք է իր նեղացկոտությունը մի մի կողմ դնի ու համապատասխան օրենքներով շարժվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31