Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, եթե Նիկոլ Փաշինյանը «երեք ամիս լռի ու ոչինչ չխոսի». Վարդան Օսկանյան

Հուլիս 04,2023 14:43

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրում՝ ներառյալ Արցախը, կյանքի կոչելու համար, որպեսզի վերածվի փաստաթղթի, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով որոշ ընթացակարգ կա անցնելու, ուստի նաեւ ժամանակ կա. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ այս պարագայում, իր կարծիքով, ցանկացած նախաձեռնություն, որը կարող է «հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել»։

Վարդան Օսկանյանն այսօր միացավ «ՀայաՔվե»-ին, որը «Համախմբում» շարժման նախաձեռնությունն է եւ նպատակ ունի Արցախը հայկական պահել:

«Սա կարևոր նախաձեռնություն է, հուսով եմ, մեր ժողովուրդը կստորագրի»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ Հայաստանի նախկին որեւէ նախագահ, որեւէ իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել՝ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կասի, ինչպե՞ս կմեկնաբանի:

«Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,- ասաց նա:

Պատասխանելով ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին հարցին էլ՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են: Հիմա էլ նույն կերպ ասվում է, որ այն՝ ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ: Այսօր շրջանառության մեջ է մի ենթադրություն, իբր այն, ինչ այսօր կատարվում է, դա նաեւ միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պարտադրանքն է եւ այս բոլորն արվում է նրանց ճնշման տակ: Այս ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել եւ դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպե՞ս կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են: Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Իհարկե, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին կաջակցի, որ այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձեւակերպում տան բանակցությունների բնույթին, հավատացեք, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի»:

Իսկ բանակցությունների ընթացքը, ըստ նախկին ԱԳ նախարարի, հնարավոր է փոխել, եթե իշխանությունները համարձակություն ունենան բանակցությունները վստահել այլոց, իսկ Փաշինյանը «երեք ամիս լռի ու ոչինչ չխոսի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31