«Մենք եվրոպաբնակ ընկերներով՝ հայերով որոշեցինք, որ մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և անհամաձայնություն հայտնենք այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում ԵՄ քավորությամբ»,- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գերմանիայի քաղաքացի, հայ բժշկուհի Արփինե Քոչարյանը։
Նա ասաց, որ ընկերներով այս նախաձեռնությունն են հիմնել, քանի որ իրենք, լինելով ԵՄ քաղաքացիներ և վճարելով հարկեր, պահանջում են, որ ԵՄ-ում իրենց կարծիքի հետ հաշվի նստեն․ «Փաստացի ոտնահարվում են ՀՀ-ի և Արցախի շահերը, պաշտպանում են Ադրբեջանի շահերը։ Մենք այնտեղի հարկատուներ ենք և Շառլ Միշելին նամակ կազմեցինք, մեզ միացան ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոշեցինք, որ կարելի է նաև Հայաստանում հանձնել նամակը, և դրա համար այստեղ ենք։ Նամակը հիմնականում վերաբերվում է խաղաղության պայմանագրին և Արցախին, որում, ոնց մենք հասկանում ենք՝ Արցախի շահերի, արցախահայության շահերի մասին տող չկա։ Գրել ենք, որ այս պայմաններում սա ցեղասպանություն է, էթնիկ զտում, և ԵՄ-ն չպետք է քավոր կանգնի այս ցեղասպանական պայմանագրին։ Դրանով ՀՀ-ն մնում է անպաշտպան, և դա նաև դառնալու է մի օր ԵՄ-ի խնդիրը։ Եթե մարդիկ չկարողանան ապրել Արցախում և ՀՀ-ում, ԵՄ-ում նոր փախստականներ են ապրելու։ ԵՄ-ի բնակիչներն էլ պետք է իմանան, որ նոր բեռ է սպասվում իրենց, և դրա դեմը պետք է առնել»։
Նշենք՝ նախաձեռնության հիմնադիրները ԵՄ քաղաքացիներ, ռեզիդենտներ են։ Նամակը երկու շաբաթում ստորագրել է 1221 անձ։
Երևանում նամակը հանձնեցին ԵՄ պատվիրակության գրասենյակի աշխատակցին։
Կարդացեք նաև
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ այս նամակը փոխանցվում է Շառլ Միշելին Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանն ընդառաջ, որը կայանալու է հուլիսի 21-ին․ «Բոլորիս համար ակնհայտ է, որ որպես խաղաղության պայմանագիր փաթեթավորվող փաստաթուղթը Արցախի հանձնման փաստաթուղթ է։ Բոլորս հասկանում ենք, որ արցախահայերը որևէ ապագա Ադրբեջանի կազմում ունենալ չեն կարող։ Դա լավ հասկանում է նաև Շառլ Միշելը, ԱՄՆ դեսպանը։ Այս ամենը լավ իմանալով՝ ձևացնում են, թե սա լուծում է։ Սա իրականում էթնիկ զտում է, հենց այդ մասին են բարձրաձայնում այս նամակի հեղինակները և նրանց միացողները»։
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է շարունակել իր աշխատանքը, եթե ՀՀ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ի վերջո բարձրաձայնեն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի հարցը։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի խոսում։ Կա լուռ համաձայնություն Ալիևի, Փաշինյանի և Էրդողանի, գուցե նաև ԱՄՆ-ի միջև, որը չի բխում ընդհանրապես հայերի շահերից»։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նախաձեռնությունից, եթե հայտնի է, որ ԵՄ դեսպանը լռում է, ժողովրդավարության մասին կառավարության հայտարարությունները ոգևորությամբ ընդունում, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Մենք պետք է ցույց տանք, որ շատ լավ հասկանում ենք՝ իրականությունն ինչպիսին է, որ ժողովրդավարություն կոչվածը միայն հայտարարելով չէ։ Այն ենթադրում է նաև գործել։ Չես կարող խոսել ժողովրդավարությունից, եթե դու քո երկրի 120 հազար ՀՀ քաղաքացու նվիրում ես բռնապետի։ Միջնադարո՞ւմ ենք ապրում․ ի՞նչ ժողովրդավարություն՝ ճորտատիրական կարգեր ոնց որ լինեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ