Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու. Փաշինյանը ուղերձ է հղել Բայդենին

Հուլիս 04,2023 12:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և դժվարությունները միասնաբար հաղթահարելու ճանապարհով։ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում իր նպաստն է բերում ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում։

Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման։

Պարոն նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ամերիկայի ժողովրդին բարօրություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31