Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց, որ մեկ տարի անց դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ. դիտարկումներ ԱՄՆ դեսպանի հարցազրույցի վերաբերյալ. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 04,2023 12:19

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մի քանի դիտարկում ԱՄՆ դեսպանի Քրիստինա Քվինի երեկվա հարցազրույցի վերաբերյալ:

Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, դեսպան Քրիստինա Քվինին ասել է. «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցում…»:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին 2022 թ. ապրիլի 29-ին իր հարցազրույցում նշել էր. «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Ի՞նչ պատահեց, որ մեկ տարի անց դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ:
Պատասխանը պարզ է՝ ՀՀ-ն ներկայիս ղեկավարությունը հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս: Դրանից հետո որևէ այլ երկիրը չի խոսելու ինքնորոշման իրավունքի մասին, որևէ մեկը մեզանից առավել մեր շահերը չենք պաշտպանելու:

Ներկայիս իշխանությունը դրժել է իր նախընտրական խոստումները, չեղարկել կառավարության հնգամյա ծրագիրը ու փաստացի «թաղել» Արցախի ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ է ստացել ՀՀ-ն դրա դիմաց, ոչինչ՝ բացի ագրեսիայից ու պատերազմից:

Այն պնդումը, թե իբրև 2020 թ. պատերազմը անհնար դարձրեց ինքնորոշման իրավունքի իրացումը, կեղծ է: ԵԱՀԿ ՄԽ-ն պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերի 3-ին և 2021թ․ ապրիլի 13-ին, երկու հայտարարություններով են հանդես եկել, որոնցում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Ինքնորոշման իրավունքից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց 2022 թ. ապրիլի 13-ի իր ելույթով՝ իջեցնելով «նշաձող» Արցախի հարցում: Դիմացը խոստանում էր բացառիկ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի ու Արցախի շուրջ: Բայց փոխարենը մենք ստացել ենք 2022 թ. սեպտեմբերին հարձակում ՀՀ-ի վրա, զոհեր ու տարածքային կորուստներ, իսկ Արցախի հարցում՝ բլոկադա ու ագրեսիայի չդադարող վտանգ:

Սրանք անժխտելի փաստեր են, որոնք ցույց են տալիս ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլ մեծացրել է մեր անվտանգային խնդիրները:

Լուծումը՝ իշխանության փոփոխության ու կոմպետենտ հետևողական, պրոֆեսիոնալ ու պետական շահերը սպասարկող կառավարության ձևավորումն է: Մենք ունենք հնարավորություններ, բայց այսօր ղեկավարող ուժը միմիայն ոչնչացնում է դրանք՝ մեզ դնելով անելանելի կացության մեջ ու համոզելով, որ այդպես կարելի է «խաղաղության» հասնել…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31