Հուլիսի 1-ից Հայաստանում մոտ 3 հազար դրամով բարձրանալու են կենսաթոշակները։
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հաշվարկել է, որ միջին կենսաթոշակը 2018-2022թթ. ընթացքում՝ հնգամյակում, 40 հազար 600 դրամից դարձել է 46 հազար 700 դրամ, ինչը նշանակում է 15 տոկոս անվանական աճ: «Գնաճը եղել է 24 տոկոս, պարենամթերքինը՝ 29 տոկոս. թոշակառուն 5 տարում 14 տոկոս վատ է ապրել»,- գրել է նա իր հայտնի «Արմագեդոններում»:
Հիշեցնենք․ Հայաստանում մոտ 470 հազար կենսաթոշակառու կա։ Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է՝ ոստիկաններին են պարբերաբար պարգեւատրումներ տալիս՝ միլիոնավոր դրամների, իսկ հունվարի 1-ից բարձրացավ ողջ պետական ապարատի աշխատավարձը, ներառյալ նաեւ ոստիկաններինը։
Թոշակի բարձրացումը բյուջեի վրա նստելու է 7․5 մլրդ դրամ, Ձեր կարծիքով, կառավարությունը կարո՞ղ էր ավելի մեծ չափով ավելացնել կենսաթոշակները։ «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ տնտեսագետն ասաց․ «Եթե «կարողություն» ասելով նկատի ունեք պետական բյուջեի մասով, այո, միանշանակ, որովհետեւ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներն ավելացել են։ Ըստ կառավարության հրապարակած թվերի, այս տարի իրենք 10 տոկոսով ավելի եկամուտ են հավաքագրել, քանի որ տնտեսական ակտիվությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, շարունակվում է, եւ դրանով պայմանավորված՝ հավելյալ եկամուտներ են ավելանում։ Բայց իրենք նաեւ լավ են պատկերացնում, որ այս ամբողջ տնտեսական ակտիվության աճն ու եկամուտների բարձր աճն արտաքին պատահական գործոնով է պայմանավորված, ոչ թե մեր տնտեսական ներուժի»։
Կարդացեք նաև
Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ սրանով է պայմանավորված նաեւ այն, որ կառավարությունը շարունակում է պետական պարտքն ավելացնել։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ շեշտակի ավելացրին քննիչների, դատախազների, հակակոռուպցիոնի աշխատակիցների, ոստիկանների աշխատավարձերը։ «Բա ինչպե՞ս պահեն իրենց իշխանությունը։ Միջոցները կան, եւ կա հստակ նպատակ։ Իրենք առատաձեռն են այն ուղղություններով, որոնք իրենց պետք են՝ սեփական աթոռը մի կերպ պահելու համար»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: