Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտանալու առիթ էր գտել, թե՝ աննախադեպ (սիրած բառերից) բարձրացրել են կենսաթոշակը, թե՝ երբեք նման չափով ոչ մեկը ոչ մի կենսաթոշակի չափ չի բարձրացրել, ինչ իր՝ «Նիկոլողորմածի» օրոք և այլն, և այսպես շարունակ: Այն, որ վերջին 5 տարին ինչ ասես, մանավանդ պարենային ապրանքները զգալի թանկացել են, դա, երևի, ոչինչ: Չնայած, եթե պաշտոնական վիճակագրությանը ու փաշինյանական պաշտոնյաների ու քարոզիչների հայտարարություններին նայես, կարող է հանկարծ պարզվել, որ գներն էլ այդպես չեն աճել, դեռ մի բան էլ՝ էժանացում է եղել: Բայց դա ինչ-որ զուգահեռ իրականություն է, որը գոյություն ունի միայն պաշտոնական՝ «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» քարոզչական երգերում:
Ենթադրենք, նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար: Է, հետո՞: Այդ գումարով որևէ կենսաթոշակառու կարո՞ղ է «ձգել», չենք ասում՝ ապրել, այլ հենց՝ «ձգե՛լ», ծայրը ծայրին հասցնել մոտ 1 ամիս: Այն բանից հետո, երբ վճարի կոմունալ ծախսերը, պայմանով, որ քրոնիկ հիվանդություն չունենա (ինչն անհնար է առաջացած տարիքում, մանավանդ՝ Հայաստանի պայմաններում): Հա, ու պայմանով, որ ծախսերի 90 տոկոսը ուտելիքի վրա է գնալու, իսկ թոշակառուն ո՛չ կոշիկ է առնելու, ո՛չ էլ որևէ հագուստ, ո՛չ կինոթատրոն է գնալու, ո՛չ թատրոն, ո՛չ սրճարան, ո՛չ էլ՝ ներգնա տուրիստական որևէ երթուղով, ո՛չ էլ այլ քաղաքում (գյուղում) բնակվող հարազատին է այցելելու: Այդ դեպքում, հնարավոր է, 36 հազար դրամով մարդը «ձգի» մինչև հաջորդ ամսվա թոշակը՝ գերազանցապես մակարոնեղենի, ձավարեղենի ու սառած-կապտած հավի բդի վրա «նստած»: Ու դա գլուխ գովելու բա՞ն է որևէ կառավարիչի համար:
Էլ չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Օրինակ՝ որքա՞ն են ուրախ-հպարտ հադրութցի թոշակառուները, շուշեցի թոշակառուները, բերձորցի թոշակառուները, քաշաթաղցի ու քարվաճառցի թոշակառուները: Շա՞տ գոհ են Շուռնուխի, Ջերմուկի, Իշխանասարի թոշակառուները… Այսինքն, կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով ավելանալը կոմպենսացնո՞ւմ է հայրենի բնօրրանի կորուստը կամ այն թշնամու ուղիղ կրակային նշանառության տակ դնելը:
Մյուս կարևոր «մանրուքը». կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելը գովաբանական «մատի փաթաթան» է դարձրել մի կառավարություն, մի իշխանություն, մի վարչապետ, որի թիմի անդամների, նախարարների, պատգամավորների եկամուտները, այդ թվում՝ պետբյուջեից տրվող վճարներն ու պարգևավճարները աճել ու աճում են սրընթաց, որոնք այնպիսի՜ եկամուտներ են ստանում, որ տասնյակ, հարյուր միլիոն դրամանոց տնատերեր են դարձել այս մի քանի տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում