Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է կազմվում վստահությունը

Հուլիս 04,2023 10:00

Սոցիոլոգիան Հայաստանում եւ հետխորհրդային ողջ տարածքում սովորաբար նույնականացվում է հասարակական կարծիքի հարցման հետ: Եվ քանի որ այդ հարցումներն իսկապես մանիպուլյացիաների լայն դաշտ են բացում, սոցիոլոգներին շարքային քաղաքացիները, որպես կանոն, խիստ քննադատաբար են մոտենում: Բայց հարցումներն ընդամենը գործիքներից մեկն է, որը հասարակական գիտություններում (այդ թվում՝ սոցիոլոգիայում) կարող է օգտագործվել: Հասկանալու համար, թե ինչ օրինաչափություններ են գործում տվյալ սոցիումում, կան բազմաթիվ այլ գիտական գործիքներ:

Ի՞նչն է պակասում մեր պետությանը՝ փո՞ղը, զե՞նքը, տաղանդավոր եւ անշահախնդիր ղեկավարնե՞րը: Գուցե շատերն ինձ հետ համաձայն չլինեն, սակայն ես այդ ամենը հիմնական խնդիրների հետեւանք եմ համարում: Իսկ պատճառներն ամենեւին նյութական չեն, դրանք պետք է փնտրել մեր երկրում հասարակական հարաբերությունների առանձնահատկությունների մեջ:

Ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, որին, ի դեպ, նույնպես ընդունված է քննադատել՝ 1989 թվականին «պատմության վերջի» մասին սխալ կանխատեսման համար, իր՝ 1995 թվականին լույս տեսած գիրքն ավանել է այսպես. «Վստահություն, սոցիալական առաքինությունները եւ ճանապարհ դեպի բարգավաճում» («Trust: The Social Virtues and The Creation of Prosperity»): «Սոցիալական առաքինություններ», որոնցից առաջանում է, մասնավորապես, վստահությունը:

Ինչի՞ց է այն կազմվում: Նույն հասարակական կարծիքի հարցումներում կա «վստահության վարկանիշ» հասկացությունը: Մարդկանց հարցնում են՝ դուք վստահո՞ւմ եք այսինչին կամ այնինչին, եւ հետո ինչ-որ տոկոսներ են գրում: Ամեն ինչ, սակայն, այդքան միանշանակ չէ:

Բերեմ երկու՝ գրեթե կենցաղային օրինակ սեփական փորձից: 5 տարի շարունակ Երեւանի նախկին իշխանությունները վստահեցնում էին ինձ՝ հասարակական տրանսպորտից օգտվողիս, որ շուտով քաղաքի միասնական տրանսպորտային ցանցը պատրաստ կլինի, եւ ուր որ է՝ ես կունենամ մեկ էլեկտրոնային տոմս տրանսպորտի բոլոր տեսակների համար: 2018 թվականից հետո մայրաքաղաքի նոր իշխանությունները եւս  5 տարի՝ նույն բանն են հավաստիացնում եւ չեն անում:

Երկրորդ օրինակը՝ հունիսի ընթացքում ես ոռոգման ջուր եմ ունեցել միայն մեկ օր: Երբ այդ հարցը բարձրացրեցի, Ջրօգտագործողների միության բարձրաստիճան չինովնիկներն ասացին, որ հրահանգել են ՋՕՄ-ի ցածր չինովնիկներին՝ թերությունները վերացնել, եւ վերջիններս էլ զեկուցել են, որ խնդիրը լուծված է՝ ես հուլիսի 1-ից ջուր կունենամ: Այսօր հուլիսի 4-ն է, եւ կարող եք կռահել՝ ես ջուր ունե՞մ, թե՝ ոչ:

Վստահությունն այսպիսով, ստեղծվում է ոչ թե հարցումների ժամանակ «այո» կամ «ոչ» ասելով, այլ պետական եւ հասարակական կառույցների աշխատանքով: Վստահությունը նյութական երեւույթ չէ՝ այն հնարավոր չէ շոշափել կամ կշռել: Բայց դա այն մտապատկերն է, որն օգնում է խնդիրը լուծել: Կամ չլուծել, եթե չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31