Հապալասն իզուր չեն անվանում «սուպերֆուդ»․ այս հատապտուղը ոչ միայն գունեղ ու համեղ է, այլև հագեցած է բազմաթիվ սննդանյութերով և ունի առողջության համար ապացուցված մի շարք առավելություններ։
Հապալասը համարվում է ամենաօգտակար հատապտուղներից մեկը, որի մեկ բաժինը (148 գրամ) պարունակում է՝
- Բջջանյութ -3,6 գրամ,
- վիտամին С -օրական նորմայի 16%-ը,
- վիտամին К – օրական նորմայի 24%-ը,
- մանգան – օրական նորմայի 22%-ը,
- այլ սննդանյութեր։
Հապալասը հակաօքսիդանտների լավագույն աղբյուր է
Ինչպես հայտնի է, հակաօքսիդանտները պաշտպանում օրգանիզմն ազատ ռադիկալներից՝ անկայուն մոլեկուլներից, որոնք կարող են վնասել բջիջները՝ նպաստելով վաղաժամ ծերացմանն ու հիվանդությունների զարգացմանը։ Հապալասը հակաօքսիդանտների ամենահարուստ աղբյուրներից մեկն է։ Հապալասի կազմում առկա հակաօքսիդանտային հիմնական միացությունները պոլիֆենոլային հակաօքսիդանտներն են՝ ֆլավոնոիդները։ Մասնավորապես անտոցիաններն են պատասխանատու հապալասի օգտակար հատկությունների համար։
Հապալասը նվազեցնում է ԴՆԹ-ի վնասվածքները՝ պաշտպանելով վաղաժամ ծերացումից
ԴՆԹ-ի օքսիդատիվ վնասվածքներն անխուսափելի են, դրանք տեղի են ունենում ամեն օր մարդու ամեն մի բջիջում։ ԴՆԹ-ի վնասվածքները ծերացման պատճառներից են և նաև իրենց դերն ունեն հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի զարգացման հարցում։
Կարդացեք նաև
Մի հետազոտությունում 168 մարդ օրական խմել է 1 լիտր հապալասի ու խնձորի հյութի խառնուրդ։ 4 շաբաթ անց հետազոտության մասնակիցների շրջանում ԴՆԹ-ի օքսիդատիվ վնասվածքները նվազել են 20 տոկոսով։
Պաշտպանում է խոլեսթերինի նորմալ մակարդակը
Օքսիդատիվ վնասվածքները չեն սահմանափակվում միայն ԴՆԹ-ի բջիջներով։ Դրանք նաև բացասաբար են անդրադառնում խոլեսթերինի վրա։ Ըստ էության, «վատ» խոլեսթերինի օքսիդացումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման գործընթացի որոշիչ փուլերից մեկն է։ Հապալասի հակաօքսիդանտները սերտորեն կապված են «վատ» խոլեսթերինի մակարդակի նվազեցման հետ։
Ճարպակալում ունեցող մարդկանց շրջանում անցկացված մի հետազոտությունում 8 շաբաթ օրական 50 գրամ սառեցրած հապալասի օգտագործումը 28 տոկոսով նվազեցրել է խոլեսթերինի օքսիդացումը։
Նվազեցնում է զարկերակային ճնշումը
Հապալասը նշանակալի առավելություններ ունի սրտային հիվանդությունների ռիսկի հիմնական գործոն համարվող զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդկանց համար։ Ճարպակալում և սրտային հիվանդությունների ռիսկ ունեցող մարդկանց շրջանում անցկացված 8 շաբաթյա մի հետազոտությունում մասնակիցների շրջանում արձանագրվել է զարկերակային ճնշման նվազեցում 4-6 տոկոսով՝ օրական 50 գրամ սառեցված հապալասի օգտագործումից հետո։
Այլ հետազոտություններում նման արդյունք է նկատվել հատկապես հետդաշտանադադարում գտնվող կանանց շրջանում։
Նպաստում է գլխուղեղի աշխատանքին ու հիշողության բարելավմանը
Օքսիդացման սթրեսը կարող է արագացնել գլխուղեղի ծերացման գործընթացը՝ բացասաբար անդրադառնալով այդ օրգանի աշխատանքի վրա։ Հետազոտություններով պարզվել է, որ հապալասի կազմում առկա հակաօքսիդանտները բարելավում են բջջային ազդակների փոխանցման համար պատասխանատու նեյրոնների վիճակը։
Տարեց մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունները գլխուղեղի գործառույթների բարելավում են արձանագրել։
Հապալասի կազմում առկա անտոցիանները գործում են հակադիաբետիկ ազդեցություն
Հապալասի կազմում շաքարի քանակը չափավոր է, 148 գրամ հապալասն ընդամենը 15 գրամ շաքար է պարունակում։ Իսկ անտոցիանները դրական են ազդում ինսուլինի նկատմամբ զգայունակության և գլյուկոզի փոխանակության վրա։ Ընդ որում, այդ ազդեցությունը նկատվում է ինչպես թարմ հատապտուղների, այնպես էլ սառեցրած տարբերակների դեպքում։
Ինսուլինի զգայունակության բարելավումը նվազեցնում է մետաբոլիկ համախտանիշի և 2-րդ տիպի դիաբետի վտանգը՝ կանխելով առողջության հետ կապված մի շարք այլ խնդիրներ։
Օգտակար է միզուղիների վարակների դեմ պայքարում
Միզուղիների ինֆեկցիաները բավականին տարածված խնդիր են հատկապես կանանց համար։ Լոռամրգիի դրական ազդեցությունը միզուղիների վարակների դեմ պայքարում լավ հայտնի է, սակայն հապալասն էլ ունի նմանատիպ ազդեցություն, քանի որ պարունակում է այն միացությունները, որոնք առկա են նաև լոռամրգիի կազմում։ Այդ միացությունները կանխում են բակտերիաների կպչելը միզապարկի պատերին։
Հապալասը նվազեցնում է մկանների վնասվածքները
Լարված մարզումների հետևանքով կարող են մկանային ցավեր ու հոգնածություն առաջանալ՝ պայմանավորված տեղային բորբոքումով և մկանային հյուսվածքում օքսիդացման սթրեսով։ Հապալասի հավելումները նվազեցնում են մկանային վնասվածքներն ու կանխում մկանային ակտիվության նվազումը։
Հապալասի արժեքը
Այս հատապտուղը բավականին թանկարժեք է, և ձմեռային ամիսներին Հայաստանում 1 կգ-ը կարող է վաճառվել մինչև 20000 դրամով։ Aravot.am-ը փոքրիկ ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ամռան սկզբին ինչ արժեր հապալասը տարբեր երկրներում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ