Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մինասյան. «Այս կազմակերպությունը մեծ միջազգային հանրության մի մասն է եւ պետք է ուշադիր լինի մյուսների դիրքորոշումների նկատմամբ»

Հուլիս 03,2023 23:23

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տարեկան 30-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր ուզում եմ խոսել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ԵԱՀԿ ԽՎ դերի մասին: Կարծում եմ՝ այս կազմակերպությունը մեծ միջազգային հանրության մի մասն է եւ պետք է ուշադիր լինի մյուսների դիրքորոշումների նկատմամբ:

Հուսով եմ, գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն օրինականորեն պարտավորեցնող ժամանակավոր միջոց է ընդունել Ադրբեջանի դեմ եւ կարգադրել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերջերս ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովման մասին» բանաձեւն ու հանձնարարականը: Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ անցման ընդհատմամբ եւ դրան հաջորդած տարածաշրջան էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումների կանխամտածված դադարեցմամբ:

ԵԽԽՎ-ն շտապ կոչ է արել լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրները՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության եւ միջազգային չեզոք ներգրավման միջոցով խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում:

Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանն այցելել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ փաստահավաք առաքելության նպատակով տեղում իրավիճակը գնահատելու համար:

Եվրախորհրդարանի դիրքորոշումը, Եվրախորհրդարանի կողմից ընդունված ամենավերջին բանաձեւերը դատապարտում են Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետեւանքները, դատապարտում ռուս խաղաղապահների անգործությունը եւ խնդրում նրանց փոխարինել ԵԱՀԿ խաղաղապահներով՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո. ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Բլինկենը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, բոլոր այս եվրոպացի առաջնորդները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

Իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերները կփորձեն հերքել այս բոլոր հայտարարությունները:

Բայց դա նշանակում է, որ Ադրբեջանը հերքում է միջազգային հանրության դիրքորոշումները:

Հույս ունեմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նույնպես կոնկրետ հայտարարություններով կանդրադառնա այս բոլոր հարցերին:

Շնորհակալություն»,- ասել է Լիլիթ Մինասյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31