Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ծնողների մոտ հիասթափված տրամադրություն եմ տեսել»․ Նորայր Նորիկյան

Հուլիս 03,2023 22:11

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մեկ ժամ հետո ծնողներն ինձ հետ են հանդիպել։ Նրանց ընդհանուր տպավորությունը հիասթափեցնող է եղել, հիասթափված տրամադրություն եմ ես տեսել»,- «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած  զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ծնողների՝ հունիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Անդրադառնալով այս հանդիպման հետ կապված շահարկումներին, թե իբր ծնողների և Փաշինյանի միջև պայմանավորվածություններ են տեղի ունեցել, ստվերային համագործակցություն՝ Նորայր Նորիկյանն ասաց․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր շահարկումները բառիս բուն իմաստով անբարոյականություն են։ Որևէ պայմանավորվածություն չի եղել ու չի կարող լինել։ Ծնողների վշտի ֆոնին էժան դիվիդենտներ շահելը, քաղաքական ենթատեքստ հաղորդելն անբարոյականություն եմ համարում։ Ինձ համար անհասկանալի պատճառներով պայման է դրվել, որ այդ հանդիպմանը չմասնակցեմ, թեև ենթադրում եմ,  որ ես նաև քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, դա է պատճառը։ Բայց այն պայմաններում, երբ հանդիպմանը մասնակցում են զինդատախազը, քննչական կոմիտեի նախագահը, համապատասխան մասնագետներ, և այդտեղ բացառվում էր, որ որևէ քաղաքական բնույթի հանգամանք կարող էր շոշափվել և որևէ պայմանավորվածություն կառավարության հետ։ Ես որևէ առնչություն չեմ ունեցել այդ հանդիպման կազմակերպման հետ, և հանդիպման բովանդակության հետ կապված ծնողներն ազատ են և որևէ կաշկանդվածությունից, պայմանավորվածությունից դուրս են»։

Ըստ Նորայր Նորիկյանի՝ ՀՀ-ն ամեն ինչ չարեց, չիրականացվեց հնարավոր քայլը, որ ծնողների մոտ վերանար այս կասկածամտությունը վարույթն իրականացնող մարմնի գործունեությամբ նկատմամբ դրսևորվեր վստահություն։

Փաստաբանը նաև թվարկեց, թե Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ծնողներն ինչ հարցեր են տվել․ «Ծնողները տառացիորեն հարցրել են՝ Դուք տեղյակ եղե՞լ եք, թե զորամասի անձնակազմը և մասնավորապես ինժեներասակրավորային վաշտն ինչպիսի՞ զորանոցային պայմաններում է բնակվել։ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ պետը երբևէ Ձեզ զեկուցե՞լ են, թե ինչպիսի պայմաններում են բնակվում վերը նշված զորամասի զինծառայողները։ Ձեր կողմից երբևէ որևէ հանձնարարություն տրվե՞լ է նշված զորամասի բնակավորման պայմանները բարելավելու համար, թե՝ ոչ։ Կոնկրետ ո՞ր ժամին և ո՞ւմ կողմից է Ձեզ զեկուցվել դեպքի մասին։ Դեպքի մասին իմանալուց հետո Դուք որևէ մեկին որևէ ցուցում տվե՞լ եք, թե՝ ոչ։ Եթե այո՝ ինչպիսի՞։

Հունվարի 19-ին կառավարության նիստում Ձեր հայտարարության հիմքում ո՞ւմ զեկույցն է եղել։ Դուք գիտակցել ե՞ք, որ Ձեր հայտարարությունը վարույթն իրականացնող մարմնի համար կարող է դառնալ ուղղակի հրահանգ Ձեր կողմից շրջանառված վարկածը հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով հիմնավորելու համար։ Դեպքի օրը զորամիավորման հրամանատարին և զորամիավորման այլ բարձրաստիճան պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելիս Դուք ի՞նչ հիմնավորում եք ունեցել, որ նրանք հանցագործությո՞ւն են կատարել, որ փնթի ու ոչ պատշա՞ճ են իրականացրել իրենց զինվորական պարտականությունները։

Կոնկրետ ո՞ւմ հրամանով է ԱԻՆ գնդապետ Արսեն Սարոյանը հյուրընկալվել Հանրային հեռուստաընկերությանը և տառացիորեն հայտարարել, որ ինքը ենթադրում է, որ զոհված 15 զինվորներից 14-ը ծխահարվել են, ներսում 21 հոգի է եղել, 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից և երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Կառավարության ենթակա ՆԳՆ և ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն ո՞ւմ հրամանով են խախտել դեպքի վայրը, ինչո՞ւ չեն սպասել քննչական մարմինների՝ դեպքի վայր գալուն, ինչո՞ւ են առանց լուսանկարահանելու կամ տեսանկարահանելու զոհված զինծառայողների դիերը տեղափոխել դեպքի վայրից։ Ո՞ւմ է ձեռնտու եղել դեպքի վայրը խախտելը և որևէ լուսանկար կամ տեսանյութ չպահպանելը, թեև բացառում եմ, որ այդ ստորաբաժանումների կողմից որևէ լուսանկար չի արվել։ Ի՞նչ կամ ո՞ւմ հետքերն էին թաքցվում»։

Նորայր Նորիկյանն ասաց, որ սպասում են փաստաթղթային լրացուցիչ փորձաքննության արդյունքներին։Նաև տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին ՊՆ-ին ներկայացված հարցմանն ի պատասխան․ «ՊՆ-ից պատասխանել են որոշակի քայլերի մասին, որոնք առերևույթ խոսում են, որ այդ քայլերն իրականացրած պաշտոնյաներին, համապատասխան ծառայությունների ղեկավար անձանց և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչ անձանց իրավական գնահատական պիտի տրվի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31